Դատապարտում ենք իշխանությունների՝ ՀԱԵ ներքին հարցերին ապօրինի միջամտությունները․ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի հոգևորականներ

06 Դեկտեմբերի 2025, 00:10

Քաղաքականություն

Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի հոգևորականները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի կենտրոնացված կրոնական կազմակերպության ներկայացուցիչների ընդհանուր ժողովի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին աջակցելու հարցի քննարկման արդյունքում այսօր ընդունվել է հայտարարություն․

Մենք՝ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի բոլոր հոգևորականներս, Թեմական խորհրդի անդամներս և խաչքավորներս միաձայն մեր խորին մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ:

Խստագույնս դատապարտում ենք իշխանությունների՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին հարցերին ապօրինի միջամտություններն ու պառակտիչ գործողությունները, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների թիրախավորումը, ազատազրկումն ու նրանց նկատմամբ սանձազերծված վարկաբեկիչ արշավը, հոգևորակաների ու ազգային նվիրյալի հանդեպ բռնաճնշումները, եկեղեցիների բռնազավթումը, Պատարագի սրբազան արարողության կամայական աղճատումները և մի շարք հակականոնական և մոլորեցնող երևույթներ:

Որդիական խոնարհությամբ մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և աղոթակից ենք Հայ Եկեղեցու ողջ հոգևոր ուխտապահ դասի հետ՝ համերաշխություն, խաղաղություն, միաբանություն և ամենայն բարիք մաղթելով ողջ հայ ժողովրդին՝ ի Հայրենիս և ի Սփյուռս աշխարհի:

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

Հիմա եթերում