Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին
10 Ապրիլի 2026, 17:43
Դիարբեքիրում ավարտվել է ռեժիսոր Ռոժհիլաթ Աքսոյի գործով դատավարությունը, որը մեղադրվում էր «թուրք ազգին և պետական ինստիտուտներին հրապարակայնորեն վիրավորելու» մեջ՝ «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելուց հետո։ Դատախազությունը հղում էր կատարել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածին՝ պնդելով, որ 1915 թվականի իրադարձությունների ներկայացումը որպես ցեղասպանություն ունի «վիրավորական բնույթ»։
Պաշտպանությունը նշել է, որ Աքսոն ֆիլմի հեղինակ չէ, այլ միայն մասնակցել է դրա ցուցադրությանը, և ընդգծել է, որ գործը խախտում է խոսքի և ստեղծագործական արտահայտման ազատությունը։ Դատարանը համաձայնել է փաստաբանների հիմնավորումներին և կայացրել արդարացման վճիռ։
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված Ավրորա Մարդիգանյանի մասին է՝ հիմնված է նրա հիշողությունների ու վկայությունների վրա։ Ֆիլմում ներկայացվում են ինչպես ողբերգական իրադարձություններն, այնպես էլ թուրքերի և քրդերի կողմից ցուցաբերված օգնության դեպքերը։ 2023 թվականի նոյեմբերին այն ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ ԱՄՆ-ի կինոփառատոններից մեկում։