Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան
20 Դեկտեմբերի 2024, 21:29
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացման որոշումը. Երևանի քաղաքապետարանն էլ պաստրատվում է բողոքարկել: Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է իրավագետ, «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Վահե Գրիգորյանի հետ:
«Դատարանի կողմից կայացված եզրափակիչ դատական ակտն ամբողջությամբ սպասելի ու ակնկալելի էր, որովհետև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված դիմումում մանրամասն անդրադարձել էինք բոլոր այն իրավական խնդիրներին, որոնք արջանագրել էինք ավտոկայանատեղիների համար սահմանված վճարի բարձրացման թանկացման հիմքում: Պարզ ասած՝ այն բոլոր խնդիրները, որոնք տեսնում ենք կարմիր գծերի թանկացման մեջ:
Հատկանշական է, որ դատարանն իր կայացրած ակտում հստակ արձանագրել է՝ Երևան քաղաքի, այդ թվում՝ թեկուզ Կենտրոնի բեռնաթափումը չի կարող հանդիսանալ կարմիր գծերի թանկացման օրինական հիմք: Սա կարևոր արձանագրում է: Այն պետք է առնվազն իրավական դաս լինի բոլոր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համար, որոնք օժտված են նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությամբ»,- ասել է մեր զրուցակիցը:
Վահե Գրիգորյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանն առանց ավագանու նիստ հրավիրելու՝ տեղեկացրել է, որ ավագանին բողոքարկելու է դատարանի կայացրած որոշումը:
«Երևանի քաղաքապետարանն արդեն հայտարարել է, որ իրենք դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում: Այստեղ շատ կարևոր արձանագրում կա. սույն գործով պատասխանող է հանդիսացել Երևանի ավագանին, ոչ թե Երևանի քաղաքապետարանը: Հետևաբար, եթե չի եղել ավագանու նիստ, այդ ինչպե՞ս են իրենք որոշել , որ բողոքարկելու են սույն դատական ակտը»,- հռետորական հարց է տվել Վահե Գրիգորյանը: