Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ Վարդևանյան

11 Օգոստոսի 2025, 19:58

Քաղաքականություն

Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանավորումը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Այն որոշումը, որը կայացրել էր քննիչը, այլևս ոչ իրավաչափ է, բայց ձերբակալման մասով: Ցավոք, ես նկատել եմ, որ մեր հայրենակիցներից շատերը ձերբակալումը մեկնաբանել են նաև կալանքի ինստիտուտի հետ: Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, սակայն կալանքը դեռ առկա է: Կալանք, որը կիրառվում է 50 օրից ավելի, որը որևէ իրավական հիմք չի ունեցել ի սկզբանե: Ցանկացած ժողովրդավարական հասարակությունում այս կալանքը բնականաբար այլևս վերացված էր լինելու, բայց ունեմ կասկած, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվելու: Բայց ի՞նչն է կարևոր, որ այս կարճ ժամանակահատվածում երկու փաստ եմ ուզում առանձնացնել, որոնք նույնիսկ Հայաստանում առկա իրավական, դատական համակարգում խնդիրների այլևս արձանագրված են. Սամվել Կարապետյանի ձերբակալումը և նրա տան խուզարկությունը եղել են ոչ իրավաչափ: Այս երկու փաստերն այլևս հաստատված են Վերաքննիչ քրեական դատարանի տարբեր դատավորների կողմից, բայց եթե Վերաքննիչ քրեական դատարանում ոչ թե Արմեն Դանիելյանը լիներ այն դատավորը, որը պետք է քննության առարկա դարձներ կալանքի դեմ մեր ներկայացրած Վերաքննիչ բողոքը, ապա համոզված եղեք, որ կունենայինք իրավիճակ, որ այդ խայտառակ, ապօրինի կալանքի որոշումը վերացված էր լինելու: Բայց քանի որ Արմեն Դանիելյանն էր այն դատավորը, որին «պատահաբար» մակագրվել էր մեր բողոքը, ունեցանք այն, ինչ դեռևս ունենք»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նա հավելեց, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը պետք է վերացվի:

«Եթե քննիչը նման միջնորդություն ներկայացնի դատարան, ապա այդ հարցը պետք է լուծի դատարանը: Հույս ունենանք, որ այս իրավիճակում իրավունքը կգերակայի, իսկ ապօրինությունը՝ կստորադասվի»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի պաշտպաններից Լիաննա Գասպարյանն այսօր հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալությունը:

Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կալանքը դատարանի կողմից կիրառվող խափանման միջոց է և նախնական քննության փուլում չի կարող տևել ավելի քան 2 ամիս, իսկ ձերբակալությունը՝ կարճաժամկետ ազատազրկում է, որը չի կարող տևել ավելի քան 72 ժամ։

Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:

Կարապետյանը, հիշեցնենք, կալանավորվել է Հայ առաքելական եկեղեցուն սատարող հայտարարություն անելու համար: Նա անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, News.am-ին տված հարցազրույցում ասել էր.

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Հիմա եթերում