Դատարանը Սամվել Կարապետյանի կողմից փողերի լվացման և հարկերից խուսափելու նշաններ չի հայտնաբերել. Վարդևանյան
15 Օգոստոսի 2025, 17:00
Դատարանն իր դատական ակտով արձանագրել է, որ փողերի լվացում, հարկեր-տուրքեր չվճարելը և այլ մեղադրանքների փունջը հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դատական նիստն այդքան երկար տևեց, քանի որ, նախ, մեր կողմից մի շարք հարցադրումներ տրվեցին քննիչին, դրանց վերաբերյալ որևէ պատասխան չստացանք, այնուհետև ներկայացրեցինք նաև մեր դիրքորոշումները տնտեսական բնույթի մի շարք մեղադրանքների հետ կապված: Դատարանն արձանագրել է այդ մասով հիմնավոր կասկածի բացակայությունը: Ուզում եմ նշել, որ այդ մեղադրանքները վերաբերում են առանձնապես ծանր ենթադրյալ հանցանքներին»,- ասել է Վարդևանյանը:
Նա նշել է, որ դատարանը գտել է, որ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերի վերաբերյալ հիմնավոր կասկածը առկա է: Խոսքը «Մեր ձևով» գործընթացին մասնակցելու մասին է: