Դատավորից ոչ թե հայրենասիրական ակտ, այլ մաքուր իրավաբանություն ենք ակնկալում. Արա Զոհրաբյանը՝ Փաշինյանին դատի տալու մասին
03 Օգոստոսի 2023, 17:46
Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի եւ Արցախի փաստաբանների հայցը մակագրվել է դատավոր Ռոբերտ Մաքեյանին: Alpha News-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը մեկնաբանել է, որ իրավական ամբողջ գործիքակազմը թույլ է տալիս, որ իրենց հայցին ընթացք տրվի: Զոհրաբյանը վկայակոչել է 1992 թվականի Գերագույն խոհրդի որոշումը, որն անթույլատրելի է համարում որևէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում: Այդ իրավական ակտը կա՛, գոյություն ունի՛ և գործում է՝ շեշտել է փաստաբանը:
«Փաշինյանը բանավոր ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչին Ադրբեջանի նախագահ Ալիևն է արդեն հղում կատարում: Մենք կարծում ենք, որ այստեղ արդեն կա իրավական մոտեցում: Մենք վարչական դատարանի դատավորից հայրենասիրություն չենք պահանջում, հայրենասիրական ակտ չենք ակնկալում, այլ մաքուր իրավաբանություն, որովհետև դրանով պարզ երևում է, որ Փաշինյանն ասում է մի բան, որը հակասում է ԳԽ-ի որոշմանը»,- հիմնավորում է Արա Զոհրաբյանը:
Գերագույն խորհրդի այդ նույն որոշման համաձայն՝ ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել տեր կանգնելու Արցախի ժողովրդին, ինչը, փաստաբանի համոզմամբ, չի իրականացվում: «Լավ պատկերացնում ենք, որ վարչական դատարանի վրա ճնշում կլինի: Երբ հայցն արդեն վարույթ ընդունվի, մենք այլ քայլերի էլ պիտի դիմենք, որոնց մասին դեռևս չակերտները չեմ բացի»,- նշում է Արա Զոհրաբյանը:
Փաստաբանները հայցը ներկայացրել են օգոստոսի 2-ին:
Ավելի վաղ Alpha News-ը տեղեկացրել էր, որ ՀՀ փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանն ու Արցախի՝ նույն կառույցի գործող նախագահ Էրիկ Բեգլարյանը համատեղ հայց են ներկայացրել վարչական դատարան և դատարանից խնդրել են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ խոսքով արտահայտված գործողությունը, ինչպես նաև, որպես հետևանքների վերացման ածանցյալ, պահանջել են Նիկոլ Փաշինյանին արգելել ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում:
Արա Զոհրաբյանի կարծիքով՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի իրավական լուծման հնարավորություն կա, որը ՀՀ կառավարությունը, ցավոք, չի կիրառում: Զոհրաբյանի պնդմամբ՝ ՀՀ-ն պետք է նաև Արդարադատության միջազգային դատարանին դիմի ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման մասին կոնվեցիայի հիմքով, քանի որ ցեղասպանության փորձի բոլոր հիմքերը կան: Նա հիշեցրել է, որ 2023-ի հունվարին, երբ Հայաստանը պատրաստվում էր դիմել այդ կառույցին՝ իրենք հուշել են, որ այդ կետն էլ ներառվի, սակայն հայցը ներկայացվել է միայն խտրականության արգելքի հիմքով: Թե ո՞րն է պատճառը, փաստաբանը, բացատրություն չունի:
Հիշեցնենք՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից: Կոնվենցիան մասնակից պետություններին պարտադրում է «կանխել և պատժել» ցեղասպանության հանցագործությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր սպանում կամ գործում են այլ դաժան հանցանքներ`«նպատակ ունենալով մասնակի կամ լիովին ոչնչացնել ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական որևէ խմբավորում:
Հավելենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից, տարրական կենսապայմաններից եւ կանգնած են ցեղասպանության ենթարկվելու վտանգի առաջ:
Մանրամասները՝ տեսանյութում: