Դատում են ամբողջ հայ ժողովրդին.Արտակ Մկրտչյանը՝ Բաքվում 16 հայ գերիների դատավարության մասին
17 Հունվարի 2025, 12:52
Դա ոչ միայն Բաքվում գտնվող հայ գերիների, այլև հայ ժողովրդի դատն է: Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հավասար հնարավորություն» ՀԿ նախագահ Արտակ Մկրտչյանը
«Մենք տարբեր ՀԿ-ներով քննարկում էինք ակցիա իրականացնել, մեր հայ գերիների ազատ արձակման պահանջը պետք է լինի մեր ամենօրյա գործընթացը: Հիմա ենք ակցիա անցկացնում, քանի որ այսօր Բաքվում 16 հայ գերիների նկատմամբ սկսվում է կեղծ, շինծու դատավարություն ու դա ոչ միայն իրենց դատն է, այլև հայ ժողովրդի դատն է: Ալիևյան ռեժիմի կողմից դա ծաղրանք է՝ ուղղված հայ ժողովորդին, դրա համար մենք նախաձեռնել ենք, որպեսզի ակցիան հենց այս օրը լինի ու նաև շարունակական լինի:
Ակցիան ոչ միայն ի աջակցություն հայ գերիների է, այլև մեր հարյուրավոր անհետ կորածների համար է, որոնց ճակատագրի մասին ոչ մի խոսք չկա: Պահանջին պետք է հետևողական լինենք, որպեսզի ՀՀ իշխանությունը միջազգային ատյաններում այն ակտիվ պահի ու օր առաջ մեր հայ գերիները վերադառնան հայրենիք, իսկ անհետ կորածների հարցով սկսեն զբաղվել»,- ասել է Արտակ Մկրտչյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մեկնարկել է բողոքի ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով, որից հետո երթ կլինի դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք: