Դավաճանության շեմին. Սոլովյովը՝ Գուսմանի և Մարկովի՝ Շուշի այցի մասին

28 Հուլիսի 2025, 16:38

Քաղաքականություն

Գտնվել Շուշիում և չհարցնել ռուս լրագրողների ճակատագրի մասին՝ սա ոչ միայն ստորություն է, այլ արդեն դավաճանություն։ Այս մասին հայտարարել է ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ուղիղ եթերում՝ մեկնաբանելով ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Միխայիլ Գուսմանի և քաղաքագետ Սերգեյ Մարկովի՝ Արցախի Շուշի քաղաք կատարած այցը։

«Նրանք մարդկային ստորություն են թույլ տվել։ Մինչդեռ մեր գործընկեր լրագրողները տառապում են ադրբեջանական բանտերում, Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացի (նրանցից մեկը վերջերս բարձր պաշտոն էր զբաղեցնում) հայտնվում են Շուշիում՝ ադրբեջանական կողմի անձնական հրավերով։ Եվ նրանք չեն հետաքրքրվում մեր գործընկերների ճակատագրով և ջանք չեն խնայում՝ գովեստի խոսքեր շռայլելու համար։ Սա ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև մարդկային ստորության դրսևորում է։ Նրանցից մեկին, բարեբախտաբար, թոշակի են ուղարկել…Իսկ երկրորդին՝ ոմն Մարկովին, հուսով եմ, երբեք այլևս չեն հրավիրի ոչ մի ռուսական ԶԼՄ։ Կամ թող հայտարարվի օտարերկրյա պետության գործակալ, որը մեր երկրի տարածքում իր շահերն է սպասարկում։ Այս պահին այնտեղ գտնվել և չհարցնել մեր գործընկերների և համաքաղաքացիների ճակատագրի մասին՝ սա ոչ միայն ստորություն է, այլ արդեն դավաճանության շեմին է»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել էր ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին պաշտոնից ազատելու մասին որոշումը։ Ավելի վաղ Գուսմանը ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովի հետ մասնակցել էր Արցախի Շուշիում կայացած համաժողովին, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորանքներ էր ընդունում և Ուկրաինային խորհուրդ տալիս «անել այն, ինչ անում է»։ Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ համաժողովի ընթացքում Գուսմանն ու Մարկովը մրցում էին Ալիևին հաճոյանալու համար։

Հիմա եթերում