Դավաճանությունը չի լինում մեկանգամյա. Վիկտոր Լիտովկինը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին

27 Հոկտեմբերի 2023, 15:07

Քաղաքականություն

Ռուս ռազմական մեկնաբան Վիկտոր Լիտովկինը Alpha News-ին մեկնաբանել է այն խոսքերը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ։

«Անկասկած, Ռուսաստանը բռնի կերպով ներկա չի լինի Հայաստանում, եթե իրեն խնդրեն հեռացնել ռազմաբազան, բայց դա հայ ժողովրդի հարցն է, քանի որ միայն Ռուսաստանն է պաշտպանում Հայաստանի տարածքը, ինչպե՞ս է Հայաստանը ապրելու՝ իր հանդեպ թշնամաբար տրամադրված պետություններով շրջապատված: Փաշինյանը, իհարկե, այս մասին չի մտածում:

Նա սպառնում է Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը, նա արդեն կորցրել է Ղարաբաղը, նա ուզում է կորցնել նաև Հայաստա՞նը: Նա, իհարկե, կարող է փախչել ԱՄՆ կամ մեկ այլ տեղ՝ Ֆրանսիա, որի հետ փորձում է բարելավել հարաբերությունները։ Բայց, հայ ժողովուրդը կմնա, նա չի կարող փախչել իր հայրենիքից։ Ուստի, կարծում եմ, որ Փաշինյանը չի բացատրել, թե Ռուսաստանի փոխարեն ով է պաշտպանելու հայ ժողովրդին»,- ասել է Լիտովկինը։

Մեկնաբանելով պաշտոնական Մոսկվայի հնարավոր արձագանքը Հայաստանի վարչապետի խոսքերին՝ Վիկտոր Լիտովկինն այս իրավիճակում վերջնական որոշումը թողնում է հայ ժողովրդին։

«Դե, ես կարծում եմ, որ մենք, իհարկե, կբողոքենք, եթե դա լինի։ Բայց, ես չեմ կարծում, որ մենք կգրավենք Հայաստանը, միջոցներ կձեռնարկենք գրավելու Հայաստանը։ Դա մեր շահերից չի բխում։ Դա պետք է որոշի հայ ժողովուրդը»,- ընդգծել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ Փաշինյանի ելույթում պետք է փնտրել տրամաբանական հաջորդականություն, որտեղ խոսքին հաջորդում են գործողությունները։

«Իհարկե, դա հիմք է հանդիսանում Հայաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման համար: Իհարկե, այդպես է։ Քանի որ, գիտեք, դավաճանությունը չի լինում մեկանգամյա։ Այն ունի խորը բովանդակություն։ Այն ունի շարունակություն: Ես կարծում եմ, որ Փաշինյանի քաղաքականությունն ուղղված է հայ ժողովրդին դավաճանելուն: Այսքանը»,- եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։

Հիմա եթերում