Դավիթ Բաբայան՝ Կուլտային տեսահոլովակների և նախագծերի հեղինակ

26 Հունվարի 2025, 22:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Դավիթ Բաբայանը ռեժիսոր, դերասան և սցենարիստ է։ Նա նկարիչ և ռեժիսոր Ռաֆայել Բաբայանի որդին է։

Բաբայանը ծնվել է 1966 թվականի հուլիսի 26-ին Երևանում: 1988թ. ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը: 1987-1993թթ. եղել է Երևանի պետական կամերային թատրոնի դերասան, խաղացել է մոտ 10 դեր։ Աշխատել նաև հեռուստատեսությունում որպես ռեժիսոր: 1992թ. ստեղծել է «Արտ-Դոդո տրիո» ջազ խումբը և կազմակերպել Հայաստանում առաջին սյուրռեալիստական ցուցահանդեսը: 1989 թվականին դարձել է «Засеченное время ПСФ» ֆիլմի համառեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր։

1993-1995 թվականներին Բաբայանը եղել է «ОРТ» հեռուստաալիքի «Կաբարե. Բոլոր աստղերը» հաղորդաշարի համառեժիսորն ու վարողը։ Նա աշխատել է նաև «Իվանով» հեռուստաալիքում և 1996 թվականին Մոսկվայում բեմադրել է«Պիգմալիոն» ներկայացումը։ Նույն թվականին խաղացել է «Մեր բակը» ֆիլմում։ 1998թ-ից դարձել է «Շարմ» ընկերության գլխավոր տնօրեն: Մի շարք երգերի տեքստերի, բանաստեղծական ժողովածուների, «The fingers by their own» ջազ ալբոմի հեղինակ է:

Դավիթ Բաբայանը նաև նկարահանել է մրցանակների արժանացած մի քանի տեսահոլովակներ՝ «Այդպես էլ ապրում ենք», «Բարև, երկիր», «Կարմիր, կապույտ, ծիրանագույն»,և Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» տեսահոլովակը, որն արժանացել է մրցանակի «Armenian Award»-ի «Ամենաօրիգինալ տեսահոլովակ» անվանակարգում: Նա նաև «Երևան-Մոսկվա տրանզիտ», «Երևան-Կիև տրանզիտ» նախագծերի բեմադրիչն է, ինչպես նաև ավելի քան 500 գովազդային հոլովակների ռեժիսոր է: