Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները

23 Մայիսի 2024, 19:35

Քաղաքականություն

Թուրքիայում գործող «Ապագա» ընդդիմադիր  կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող  իրադարձություններին, Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաև խոսել Թուրքիայի և Հայաստանի միջև  հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։ 

Այս մասին հայտնում է թուրքական dha.com.tr-ն:

Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իրեն ճիշտ է պահել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին օժանդակելու հարցում, բայց միևնույն ժամանակ նշել, որ Թուրքիան, այնուամենայնիվ, պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ:

«Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Սահմանային դարպասներն ու դեսպանատները պետք է փոխադարձաբար բացվեն, իսկ Մերձավոր Արևելքի կրակի տարածումը դեպի Կովկաս պետք է կանխել»,-ասել է Թուրքիայի նախկին վարչապետը։