Դեկորատիվ նշանակությունից բացի, Հայաստանի դերակատարությունը «Խաղաղության խորհրդում» պարզ չէ. Բադալյան

20 Փետրվարի 2026, 14:58

Քաղաքականություն

Փաշինյան-Ալիև շփումները տարբեր միջավայրերում պայմանավորված են ընդհանուր վայրում գտնվելու հանգամանքով։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումներին միջազգային հարթակներում և Հայաստանի մասնակցությանը «Խաղաղության խորհրդին»։

«Նման շփումներ եղել են նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների շրջանակում և այլ բազմակողմ ձևաչափերում»,- նշել է Բադալյանը։

Անդրադառնալով Հայաստանի ներգրավվածությանը «Խաղաղության խորհրդում»՝ նա ընդգծել է, որ Երևանը գործում է առավելապես քաղաքական ներկայություն ապահովելու տրամաբանությամբ։

«Եթե Դոնալդ Թրամփի կողմից Երևանին առաջարկ է արվել անդամակցել խորհրդին, Հայաստանը գործնականում չէր կարող մերժել։ Սակայն բաց է մնում հարցը, թե խորհրդում որն է Հայաստանի կոնկրետ գործառույթը՝ բացի ներկա լինելուց և քաղաքական ֆոն ապահովելուց»,- ասել է քաղաքական մեկնաբանը։

Բադալյանի դիտարկմամբ՝ նման միջոցառումներում Թրամփը պարբերաբար ընդգծում է Փաշինյանի և Ալիևի շփումները՝ ցուցադրելով իր միջնորդական դերակատարությունը։

«Մենք տեսել ենք, որ նման հարթակներում Թրամփը մատնացույց է անում Փաշինյանին ու Ալիևին, անգամ հրապարակայնորեն հորդորում շփվել՝ փորձելով ցուցադրել իր խաղաղարար ազդեցությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանի գործնական դերակատարությունը, այդ դեկորատիվ ներկայությունից բացի, դեռևս հստակ չէ»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում: