Դեռ ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի. Փաշինյան

05 Մարտի 2026, 14:15

Քաղաքականություն

Հայաստանը խնդիր չունի, չի ունեցել ու չի ունենալու Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ու նրա շահերը վնասելու առումով։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք դեպի Արևմուտք կողմնորոշում վերցնելով` ՀՀ իշխանությունը երկրի տարածքից չպե՞տք է հանի ռուսական ռազմաբազան։

«Դուք խեղաթյուրում եք իմ խոսքերը. ես երբեք չեմ ասել, որ Հայաստանը Արևմուտք է գնում։ Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցելուն, ապա այդ հարցին ԵԱՏՄ–ի առնչությամբ եմ ես արտահայտվել։ Մենք բարեբախտաբար, թե դժբախտաբար դեռևս ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Եթե տեսնենք, որ այն մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք` ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ, ասել եմ ու ասում եմ, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել ու չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ու ՌԴ շահերը վնասելու»,– հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք` ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։