Դերեկ Շերինյան․ Հհոգու բոլոր թելերով հայը

25 Օգոստոսի 2024, 23:57

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Օգոստոսի 25-ն ամերիկացի հայտնի կոմպոզիտոր, երաժիշտ, երգահան Դերեկ Շերինյանի ծննդյան օրն է:

Դերեկ Շերինյանը ծնվել է 1966 թվականին Կալիֆորնիայում՝ հայ-հունական ընտանիքում։ Երաժշտի հայրը՝ Ջորջ Շերինյանը, Թուրքիայում ծնված իրավաբան է, մայրը՝ Քերիլ Ուիլյամսոնը, հաշվապահ է, ծնունդով Հունաստանից։ Իսկ Դերեկի նախատատը՝ Ելիզավետա Սուլթանյանը, այն կին մարտիկներից էր, ով պատմության մեջ մտավ որպես «Հայաստանի Ամազոնուհիներ»:

Դերեկը մանկուց այնքան էր սիրում երաժշտությունը, որ արդեն 4 տարեկանում սկսեց հաճախել երաժշտական դպրոց։ Նա ժամերով դաշնամուր էր նվագում և չէր կարողանում կտրվել գործիքից։

Նա ընդունվել է հեղինակավոր Berklee College of Music քոլեջը, որտեղ նրան ուշադրություն է դարձրել հայտնի երաժիշտ Ուիլյամ Քալհոունը։ 1987 թվականից սկսած Դերեկի ժողովրդականությունը սկսեց արագորեն աճել, ավելի ուշ նա հանդիպեց հայտնի Kiss ռոք խմբին և շուտով նրանց հետ ձայնագրեց Alive III ալբոմը։

Այժմ Դերեկն ապրում է Hollywood Hills-ում և աշխատում է Leopard Room ձայնագրման ստուդիայում, որտեղ արտադրում է երիտասարդ ռոք երաժիշտներ։

Շերինյանն ամուսնացած է հայուհու հետ, նրանք փոքր որդի են մեծացնում։ Դերեկի խոսքով՝ իր կինն ու որդին, ի տարբերություն իրեն, շատ լավ գիտեն հայերեն։

«Ժամանակին ես իմ մայրենի լեզուն ինչպես հարկն է չսովորեցի, բայց հիմա ուզում եմ հասնել կորցրածին, և հիմա փորձում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել որդուս և կնոջս հետ հայերենս բարելավելու համար», — մի առիթով անկեղծացել է երաժիշտը: