Դիմում՝ Վրաստանում բնակվող հայերի նկատմամբ հնչեցրած վիրավորանքների և սպառնալիքների վերաբերյալ
20 Մայիսի 2023, 13:20
Մայիսի 17-ին իրավաբան Արթուր Մուրադյանի հետ խորհրդակցելով, Վրաստանի Գլխավոր Դատախազություն փոխանցվեց դիմում՝ Վրաստանում բնակվող հայերի նկատմամբ հնչեցրած վիրավորանքների և սպառնալիքների վերաբերյալ։
Ստորև ներկացնում ենք դիմումը հայերեն լեզվով.
«2023 թվականի մայիսի 14-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տեսանյութ է տարածվել, որտեղ մի երիտասարդ անպարկեշտ խոսքերով դիմում է հայ ազգին, հայհոյում և վիրավորում մեզ։
Ինչպես պարզվեց ավելի ուշ, այդ անձը Լաշա Արսենիձեն է։ Վիդեոհոլովակը տևում է մեկուկես րոպե, և ամբողջ տեսահոլովակի ընթացքում այս անձը հայհոյում է և միևնույն ժամանակ սպառնում ազգությամբ հայ բոլոր մարդկանց։
Վրաստանում բնակվող ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիները հիմնավոր և իրական մտավախություն ունեն, որ այդ մարդը կարող է վնասել մեզանից որևէ մեկին, միայն այն պատճառով, որ մենք հայ ենք։
Բացի վերը նշվածից, այսպես կոչված Լաշա Արսենիձեի տեսաուղերձը, հասարակության որոշակի հատվածում հավանություն է առաջացնում, որոնք կիսում են Լաշա Արսենիձեի կարծիքը։ Նման միտումը վտանգավոր է, և օգնում է բորբոքել ազգային թշնամանքը։
Ձեր ուշադրությունը հրավիրենք նաև այն փաստի վրա, որ այս «վիդեո կոչի» ժամանակ Լաշա Արսենիձեն միայնակ չէ, ինչը հստակ երևում է տեսանյութը ուշադիր դիտելիս։
2023 թվականի մայիսի 16-ին Լաշա Արսենիձեին հրավիրել են Թբիլիսիի ոստիկանության բաժին, քանի որ նրա մասին հայտնի է դարձել և հարուցվել է վարչական վարույթ մանր խուլիգանության փաստով։ Նման իրավական որակումները անլուրջ են և վիրավորական Վրաստանում ապրող բոլոր հայերի համար։
Մոտ մեկ րոպե 30 վայրկյան Լաշա Արսենիձեն անպարկեշտ խոսքերով ու հայհոյանքներով դիմում է ոչ թե կոնկրետ անձի, այլ ողջ հայ ժողովրդին, իր, այսպես կոչված կոչը տոգորված է հայատյացությամբ և արհամարհանքով հայ ազգի նկատմամբ։
Միաժամանակ նրա կոչը պարունակում է հստակ սպառնալիքներ, որոնք հիմնավոր մտավախություն ու իրական զգացում են ստեղծում Վրաստանում բնակվող հայերի մեջ, որ մեր և մեր երեխաների կյանքը վտանգված է։
Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշեցինք, և այս փաստը միանգամայն պարզ է տեսանյութից, որ Լաշա Արսենիձեն միայնակ չի եղել տեսահոլովակի տեսագրման ժամանակ, և տպավորություն է ստեղծվում, որ նշված արարքը Լաշա Արսենիձեն ծրագրել է անհայտ անձի հետ միասին և իրականացվել է նրա հետ անմիջական կապի մեջ լինելով։
Ամենակարևորը՝ նշված արարքով Լաշա Արսենիձեն դրսևորեց ազգային անհանդուրժողականություն և իր հետևորդներին ու հեռուստադիտողին անուղղակիորեն կոչ արեց դրսևորել նմանատիպ վարքագիծ։
Մենք չենք կիսում վարչական վարույթ սկսելու նպատակահարմարությունը և գտնում ենք, որ իրավական որակումը չի համապատասխանում Լաշա Արսենիձեի արարքին։
Նրա կողմից կատարված արարքը պարունակում է քրեական հանցագործության նշաններ, այն է՝ սպառնալիքի և ազգային թշնամանքի հրահրում։
Ըստ այդմ, կարծում ենք, որ այս գործով պետք է քրեական գործ հարուցվի, և իրավապահ մարմինները պետք է լիարժեք քննություն իրականացնեն։
Պահանջում ենք, որ մեղավորները պատժվեն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով և պատասխան տան օրենքի առաջ՝ հակառակ դեպքում նմանատիպ փաստեր ապագայում անպայման կկրկնվեն»։