Դիվանագիտությունը միամտություն, առավել ևս, ապուշություն չի ներում. Դավիթ Բաբայան

01 Օգոստոսի 2023, 17:36

Քաղաքականություն

Օգոստոսի 1-ին Բրատիսլավայում Արևմուտքի միջնորդությամբ պետք է կայանար Ստեփանակերտ-Բաքու հանդիպումը, որն արդեն երկրորդ անգամ ձախողվել է, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է։ ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Alpha News-ի հետ զրույցում նշել է, որ թեև մանրամասներից տեղյակ չէ, սակայն վստահ է, որ Բաքուն ցանկանում է բանակցել ինտեգրացիայի՝ փաստացի Արցախի գաղութացման, Արցախը համակենտրոնացման ճամբարի վերածելու շուրջ, ինչը բանակցություն անվանել հնարավոր չէ:

Հայտնի է, որ Ադրբեջանի հետ երկխոսությանը պետք է մասնակցեր նաև Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը: Շահարկումների դաշտ չմտնելու համար Բաբայանը կարծիք չի հայտնում դրա վերաբերյալ:

«Մենք երբեք դեմ չենք եղել բանակցություններին, բայց բանակցությունները չեն վարվում զուտ բանակցությունների համար: Գնում ես, որ առաջընթաց ունենաս: Այս պարագայում Ադրբեջանը, բնական է, որ այլ օրակարգ ունի, մենք՝ այլ: Ես ավելի քան համոզված եմ, որ մեր ուզած ձևաչափով Ադրբեջանը երբեք չի բանակցելու և նա ամեն ինչ տանելու է դեպի ներադրբեջանական երկխոսության»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա՝ կան դեպքեր, երբ ավելի լավ է՝ չբանակցես, քան բանակցես, քանի որ Ադրբեջանը խոսում է, այսպես կոչվա,ծ ինտեգրացիայից, որը փաստորեն, Արցախի գաղութացումն է, խոսում է Արցախը համակնետրոնացման ճամբարի վերածելուց, Բաբայանի համոզմամբ, բնականաբար, բանակցությունները պետք է տապալվեն:

«Ընդհանրապես, բանակցությունների պետք է գնան հմուտ մարդիկ, ունենան մեծ փորձ, ազգի դեմքը պետք է ճիշտ պահեն: Այդ բանակցություններից կարող ենք շատ ավելի վատ հետևանքներ ունենալ, և այն, որ հենց այդպես է լինելու, հավանականությունը գրեթե 100% է»,- այս տեսակետն է հայտնել ԱՀ նախագահի խորհրդականը:

Բաբայանի խոսքով՝ մեր պատմության ամենակարևոր խաչմերուկում ենք կանգնած: «Դիվանագիտությունը և աշխարհաքաղաքականությունը միամտություն, առավել ևս ապուշություն չի ներում: Մենք գործ ունենք մեզնից հազար անգամ ավելի կայացած պետական համակարգի հետ՝ ի դեմս Ադրբեջանի: Չպետք է թերագնահատենք հակառակորդին ու գերագնահատենք մեզ: Արցախում կան մարդիկ, որոնք լավ են պատկերացնում այս ամենը: Շատ պատրաստված թիմով պետք է գնալ, իսկ այդ ներուժը Արցախում դեռևս գոյություն ունի»,- պնդել է Բաբայանը և վերջում հավելել, որ այս պահին Արցախում վիճակը շատ ծանր է, բայց կայուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում