Դժվար է հասկանալ՝ ինչի վրա է հույսը դրել Ադրբեջանը Ռուսաստանի հետ դիմակայության հարցում. Անդրեյ Պերլա

Քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրումը:

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանում շատերը զարմացած են Ադրբեջանի պահվածքից։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Ռուսաստանում գոյություն ունի ադրբեջանական մեծաթիվ սփյուռք, և ոչ ոք չզարմացավ, որ ոստիկանական արշավանքը հանգեցրել է այդ Սփյուռքի ինչ-որ քանակի մասնակիցների ձերբակալման։ Բայց միանգամայն զարմանալի է, որ Ադրբեջանը դա իր համար այնքան լուրջ վտանգ և վիրավորանք է համարել, որ հանուն դրա կարելի է փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ», — ասել է Պերլան։

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը լուրջ վնասներ կկրի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից։

«Ասել, որ ՌԴ-ն ինչ-որ կերպ տնտեսապես կախված է Ադրբեջանից, միանգամայն սխալ կլինի։ Ռուսաստանը օգուտ է քաղում Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունից,սակայն Ռուսաստանի արտահանումն Ադրբեջան 5 անգամ գերազանցում է ներմուծմանը։ Ռուսաստանը լիովին կարող է իրեն թույլ տալ հրաժարվել այս ներկրումից։ Միևնույն ժամանակ, եթե Ռուսաստանը տարբեր տեսակի պատժամիջոցների միջոցով սահմանափակի Ադրբեջանից ներմուծումը, ապա այդ երկիրը կարող է կրել բավականին լուրջ կորուստներ։ Առավել ևս, լուրջ վնասներ կկրի Ադրբեջանը, եթե Ռուսաստանն անհրաժեշտ համարի ադրբեջանական սփյուռքի զգալի մասին հետ ուղարկել իր հայրենիք։ Ուստի շատ դժվար է հասկանալ, թե ինչ է ակնկալում Ադրբեջանը՝ գործը տեղափոխելով դիմակայության հարթություն։

Միևնույն ժամանակ, թեև իսկապես շատերը հիմա կարծում են, որ իրավիճակը կարող է նույնիսկ հասնել ռազմական գործողությունների, պետք է ասել, որ Ռուսաստանը չի ձգտում նման սրման։ Ընդհակառակը, միանգամայն պաշտոնական մակարդակով ՌԴ-ն ցանկանում է վերադարձնել հարաբերությունները Ադրբեջանի հետ նորմալ, փոխշահավետ երկկողմ համագործակցության, որը կապված չէ ինչ-որ փոխադարձ սադրանքների, կշտամբանքների և վիրավորանքների հետ», — եզրափակել է Պերլան։

Հիմա եթերում