Դժվար է պատկերացնել, որ իշխանությանը կհաջողվի 50+1% ձայն հավաքել․ Վիգեն Հակոբյան
16 Սեպտեմբերի 2023, 13:10
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ուժն ապավինում է ցածր մասնակցությանը, ինչի դեպքում, միայն, հնարավոր կլինի տիրանալ քաղաքային իշխանությանը։
«Եթե ցածր մասնակցություն լինի, ապա ընտրություններին մասնակցողների տոկոսը, որոնց բերելու է «Քաղաքացիական պայմանագիրը», կարող է աճել, ինչպես եղավ 2021 թ․խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այն ժամանակ մոտ 26-27 %-ն էին ձայն տվել «Քաղաքացիական պայմանագրին», բայց արդյունքում ձայները 54 % ստացվեց, որովհետեւ մասնակցությունը 49 % էր։ Հիմա, եթե մասնակցությունն ավելի ցածր լինի, ապա նույնիսկ բավականին ցածր արդյունքները, կարող են ավելի տպավորիչ դառնալ։
Բայց այս պարագայում մի քիչ դժվար է պատկերացնել, որ իշխանությանը կհաջողվի 50+1% ձայն հավաքել, եւ իրենց համար գերխնդիր կլինի երկրորդ կուսակցությանն անցկացնել, որպեսզի հետագայում կարողանան կոալիցիա կազմել։ Օրինակ՝ ոչ իշխանական ուժերն, այս առումով, ավելի մեծ հնարավորություններ ունեն, որ իշխանազրկեն «Քաղաքացիական պայմանագրին»,- Alpha News-ի եթերում ասել է Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ քարոզարշավի վերջին օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի միանալը իշխող ուժի երթին եւ ամփոփիչ հանրահավաքին, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին, պայմանավորված է նրանով, որ ՔՊ-ն կասկածում է իր հաղթանակին։
«ՔՊ-ն հասկացավ, որ պետք է բոլոր ռեսուրսները միավորել՝ անգամ այն պայմաններում, երբ թիմի ներսում ակնհայտ հակասություններ կան։ Ես նաեւ կարծում եմ, որ դրսի խաղացողներն էլ են ստիպում, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցի այդ պրոցեսներին, որովհետեւ այս ընտրություններն ունեն աշխարհաքաղաքական երանգ՝ պայմանավորված այսօրվա իշխանության լեգիտիմության հետ»,- հավելեց Վիգեն Հակոբյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Երեւանում կանցկացվեն ավագանու ընտրություններ, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ. 13 կուսակցություն եւ 1 դաշինք: