Դմիտրի Արապով․ Մոսկվայի պետական համալսարանում մինչև հիմա նրա մասին հպարտությամբ են խոսում

16 Մայիսի 2024, 23:25

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մայիսի 16-ին ռուս հայտնի պատմաբան-արևելագետ և պրոֆեսոր Դմիտրի Արապովը կդառնար 81 տարեկան:

Դմիտրի Յուրիի Արապովը խորհրդային պատմաբան-արևելագետ է, Ռուսաստանում իսլամի պատմության և Կենտրոնական Ասիայի պատմության խոշոր հետազոտողներից մեկը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արևելագետների համառուսաստանյան ասոցիացիայի անդամ:

Արապովը ծնվել է Երևանում, բարձագույն կրթությունը ստացել է Մոսկվայում՝ 1966 թվականին ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

1978թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Բուխարայի խանության ուսումնասիրության պատմությունը ռուսական արևելագիտական նախահեղափոխական պատմագրության մեջ» թեմայով: 2005թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Իսլամի պետական կարգավորման համակարգը Ռուսական կայսրությունում» թեմայով:

Արապովը դասախոսություններ է կարդացել Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Պատմաբանը հեղինակ է 315 գիտական հրապարակումների, այդ թվում՝ մենագրությունների, հանրագիտարանային հոդվածների, դասագրքերի:

Նրա հայրենի ՄՊՀ-ում նրա մասին դեռ հպարտությամբ ու ջերմությամբ են խոսում։ Դմիտրի Արապովի մասին Ռուսաստանի գլխավոր համալսարանի պաստառներից մեկում գրված է․

«Ցանկացած բարձր մշակույթի հիմքը մարդկային անհատականությունն է։ Դմիտրի Յուրիևիչը պայծառ ու ինքնատիպ անձնավորություն էր: Իրականում նա սուր մտքի և լայն գիտելիքների մարդ էր։ Նա առանձնապես չէր կարևորում պայմանականությունները, չէր փնտրում կոչումներ, և այն ամենն, ինչ անցնում էր նրա մտքով, բարձրաձայն խոսում էր՝ առանց շուրջը նայելու»։

Ուսանողները նաև անչափ սիրում էին իրենց պրոֆեսիոնալ դասախոսին, ով իր ամբողջ կյանքը նվիրեց պատմությանը, Մոսկվայի պետական համալսարանին և ուսանողներին, որոնք խանդավառությամբ լսում էին նրա դասախոսությունները: