Դմիտրի Խառատյանը պատմել է, թե ինչպես է հայերենից թարգմանվում իր ազգանունը

31 Հունվարի 2025, 15:43

Հայեր

ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը խոստովանել է, որ խնդրել է անձնագրում գրել իր հոր ազգությունը՝ «հայ», որպեսզի «աջակցի ժողովրդին»: «Москва – Россия?» նախագծի շրջանակներում նա պատմել է, որ հեռուստատեսության շնորհիվ կարողացել է վերականգնել իր տոհմածառը։

«Ես կապեր ունեմ սփյուռքի և հայերի հետ, իմ հարազատներն ապրում են և՛ Երևանում, և՛ Մեղրիում, այն Հայաստանի հարավում է։ Առաջին ալիքում «Իմ տոհմածառը» հաղորդումն էր, ես գնացի այնտեղ և դրա շնորհիվ տեսա այս տոհմածառը։ Ես կարծում էի, որ Խառատյանը հայերենից թարգմանվում է «խառատ», իսկ պարզվում է՝ ոչ թե «խառատ», այլ «խրատ», ինչը նշանակում է խորհրդատու», -ասել է նա։

Ինչպես նշել է դերասանը, Կրասնոգորսկի անձնագրային գրասենյակի աշխատակցուհին, տեսնելով նրա շիկահեր մազերն ու կապույտ աչքերը, հարցրել է. «Քեզանից ի՞նչ հայ»: Սակայն 16-ամյա Խառատյանը հաստատակամորեն պնդել է իրենը, քանի որ ազգություն նշելն իր համար «սկզբունքի հարց էր»։

Խառատյանի նախնիները Մեղրիից են, հայրը կիսով չափ հայ է։ Ըստ արտիստի՝ հայրն իմաստուն մարդ էր։ Խառատյանը վստահ է՝ ինքը նույնպես արդարացրել է իր ազգանունը։

«Հայրս իմաստուն էր, և ես երբեմն իմ մեջ հայտնաբերում եմ ինչ-որ փիլիսոփայական մտքեր: Ես նույնիսկ «Գիտելիք» ընկերության դասախոս եմ եղել, մարդկանց հետ շփվում եմ կարևոր թեմաներով, ազգանունս ինչ-որ իմաստով արդարացնում եմ: Եվ ընդհանրապես, դերասանական մասնագիտությունը նույնպես դրա մասին է: Դա միայն ուրիշների խոսքերն ասել չէ: Դա առաքելություն է, մասամբ հոգու բժշկություն», — ասել է արտիստը։