Դո՛ւրս եկեք փողոց, 1915 թվին էլ է այսպես եղել. բողոք կառավարության շենքի դիմաց

19 Սեպտեմբերի 2023, 17:21

Քաղաքականություն

Կառավարության դիմաց բողոքի ակցիա է: Այն պահին, երբ շենքի ներսում Անվտանգության խորհրդի նիստ էր ընթանում, մի խումբ քաղաքացիներ եկել էին կառավարության դիմաց Արցախում իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունները իշխանությանը հայտնելու:

Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով ներկայացրեց Արցախում այս պահին տեղի ունեցող իրավիճակը, այն բնութագրելով որպես ցեղասպանություն: Նա կոչ արեց դուրս գալ սրճարաններից և, եթե պետք լինի, մեկնել նաև ռազմաճակատ:

Քաղաքացին նաև իր կոչն ուղղեց ԼՂՀ իշխանություններին: Նա հորդորեց ԼՂՀ կառավարությանը կատարվածի շուրջ հայտնել հստակ դիրքորոշում և երկիրը դնել ռազմական ռելսերի վրա: Գործի դնել աշխարհազորը և հայտարարել համար մեկ մարտական պատրաստվածություն:

Նրա խոսքով, այդս ամենը չանելու դեպքում Արցախի իշխանությունները պետք է հրաժարական ներկայացնեն: Ակցիայի մասնակիցը նաև կոչ արեց ՀՀ իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը, և հաստատել այնտեղ ապրող մարդկանց կյանքի իրավունքը:

«Դուրս եկեք փողոց, մի նստեք տանը, 15 թվին եղել է ճիշտ այսպես: Մենք դիտորդ չենք` մեր 120,000 արցախցիների ցեղասպանության»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Նա նաև նշեց, որ չի կարող պատերազմ լինել 120 հազար և 8 միլիոն հայության միջև, և բոլորին միավորվելու կոչ արեց:

Ակցիային մասնակցող կանանցից մեկն էլ պահանջեց, որպեսզի ՀՀ իշխանությունները Արցախում կատարվողի մասին հստակ դիրքորոշում հայտնեն, այլ ոչ թե տեղի ունեցողին արձագանքնեն այնպես, ինչպես 3-րդ երկրներն են անում:

Ակցիայի մասնակցի համոզմամբ, եթե Արցախում տեղի ունեցողը ՀՀ ինքնիշխան տարածքում կատարվեր, Փաշինյանի իշխանությունը դրան նույն անտարբերությամբ էր արձագանքելու:

Նշենք, որ այսօր Ադրբեջանը ռմբակոծել է Ստեփանակերտը, դա ներկայացնելով իբրև ռազմական գործողություն:

Հիմա եթերում