Դոհայի վրա հարձակումը կանդրադառնա ԱՄՆ-ի համաշխարհային հեղինակության վրա․ Անդրեյ Կլինցևիչ

11 Սեպտեմբերի 2025, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական փորձագետ Անդրեյ Կլինցևիչը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը Կատարին, ինչպես նաև այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը։

«Լկտիություն, ուժի դիրքերից գերիշխանություն, որոշակի վախ և շփոթություն Մերձավոր Արևելքի պետությունների շրջանում։ Ռազմական տեսանկյունից մենք հասկանում ենք, որ Patriot ՀՕՊ համալիրները և մի շարք այլ տեխնոլոգիաներ, որոնք Կատարը ձեռք էր բերել ԱՄՆ-ից, չէին կարող չտեսնել իրենց օդային տարածք մտնող ինքնաթիռներն ու հրթիռները։ Պարզապես նրանք չեն խոցել դրանք և չեն արձագանքել։ Մենք հասկանում ենք, որ սա միջազգային հանրային իրավունքի ամբողջական ոտնահարում է»,- ասում է փորձագետը։

Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ Իսրայելի կողմից Կատարի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ-ի գործողությունները Վաշինգտոնին բնութագրում են որպես ոչ հուսալի գործընկեր և դրանից կարելի է հետևություններ անել։

«Դա, պայմանականորեն ասած, իրենց գործն է, եթե իրենք այդպես են ընկալում իրենց ինքնիշխանությունը, որ հարևան պետությունը կարող է ռմբակոծել, բայց խաղաղապահության և ամերիկացիների հեղինակության տեսանկյունից դա ուժեղագույն հարված է։ ԱՄՆ-ի երաշխիքների ներքո ՀԱՄԱՍ-ի խումբը ժամանել է Կատար՝ չեզոք տարածք՝ խաղաղ կարգավորման հարցերը քննարկելու նպատակով։ Այսինքն՝ փաստացի խաղաղ բանակցությունների պատրվակով նրանց ծուղակն են գցել ու ոչնչացրել։ Մենք հասկանում ենք, որ սա հեղինակությանը շատ լուրջ հարված է, որը կանդրադառնա ԱՄՆ-ի վրա ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի տեսանկյունից»,- ընդգծել է Կլինցևիչը։

Ըստ նրա՝ Կատարն ասել է, որ պատասխանելու իրավունք ունի, բայց չի կարծում, որ այն Իսրայելի հետ ռազմական գործողություններ կսկսի։

«Չեմ կարծում, որ դա կհանգեցնի տնտեսական բնույթի դիվանագիտական դեմարշների, գուցե, շրջափակման կամ այլ բանի։ Դա դժվար թե վերածվի որևէ ռազմական բաղադրիչի։ Հստակ է, որ Կատարը՝ որպես հարթակ, որպես բանակցային խումբ, որպես այն որոշումների երաշխավոր, որոնք իրականացվում են, օրինակ՝ Գազայի հատվածի տեսանկյունից, արդեն դուրս է գալիս այս գործընթացից, իսկ որևէ այլ կողմ ներգրավելը չափազանց դժվար կլինի։ Ո՞ր երկիրը կարող է այժմ փոխարինել Կատարին այս բանակցություններում։ Միգուցե, Թուրքիան կամ մեկ ուրիշը։ Իսկ ո՞րն է երաշխիքը, որ Իսրայելը նրան չի հարվածի»,- եզրափակել է Անդրեյ Կլինցևիչը։