Դուբնայում անցկացվել է Իրինա Հովհաննիսյանի անվան ջութակահարների և թավջութակահարների մրցույթ
19 Ապրիլի 2025, 12:51

Դուբնայում կայացել է Իրինա Հովհաննիսյանի անվան ջութակահարների և թավջութակահարների համառուսաստանյան մրցույթը: Մրցույթն անցկացվել է աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, ում անունով Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր՝ 118-րդ տարրն անվանվել է Oganesson (Og):
Մրցույթը նվիրված է գիտնականի կնոջ՝ անվանի ջութակահար, Դուբնայի մանկական երաժշտական դպրոցի լեգենդար մանկավարժ Իրինա Հովհաննիսյանի հիշատակին:

«Այստեղ ելույթ են ունեցել հայտնի մարդիկ՝ Վիսոցկին, Ռոժդեստվենսկին, մաեստրո Հրաչը և նրա վիրտուոզ աշակերտները, Իրինա Լևոնի Հովհաննիսյանը։ Հիմա նվագում եք դուք, և դա հրաշալի է»,- դիմելով մրցույթի մասնակիցներին՝ ասել է Յուրի Հովհաննիսյանը:
Այդ օրը պատանի տաղանդավոր թավջութակահարներն ու ջութակահարները նվագում էին Իրինա Հովհաննիսյանի պատվին։ Գործընկերները նրան հիշում են որպես մեծ հոգու տեր մարդ:
«Իրինա Հովհաննիսյանը մեծ ազդեցություն է ունեցել Դուբնայի երաժշտական կյանքում։ Ուրախալի է, որ նրա անունով անցկացվող այս հեղինակավոր մրցույթն ամեն տարի մեր քաղաքում հավաքում է լավագույններից լավագույններին», — նշել է Դուբնայի ղեկավար Մաքսիմ Տիխոմիրովը։
