Դուդուկահար Գագիկ Գասպարյանը հայկական մշակույթը կներկայացնի եվրոպական տաճարներում

18 Հոկտեմբերի 2024, 17:23

Մշակույթ

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը համերգներով մեկնելու է եվրոպական մի շարք երկրներ՝ օտարազգի հանդիսատեսին հայկական բազմադարյան մշակույթին ծանոթացնելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ֆեյսբուքյան էջը:

Գագիկ Գասպարյանը դուդուկի կատարումներով հայկական հնագույն հոգևոր երաժշտությունը ներկայացնելու է Իսպանիայի, Հոլանդիայի, Հունաստանի հռչակավոր տաճարներում: Ելույթ է նախատեսվում նաև Կ.Պոլսի հայաշատ Ֆերիգյուղի Ս. Վարդանանց եկեղեցում: Ընդհանուր առմամբ, կունենա 14 համերգ։

Երաժշտացանկում ընդգրկված են Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, հնչելու է նաև եվրոպական հոգևոր երաժշտություն:

Գլխավոր համերգը կայանալու է նոյեմբերի 23-ին՝ Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում: Այս առնչությամբ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ատենապետ Անտոնիո Սարաֆյանը Բարսելոնայում արդեն հանդիպել է Սագրադա Ֆամիլիայի ռեկտոր Արքեպիսկոպոս Խոսե Մարիա Տուրուլի հետ՝ համերգների մեկնարկից առաջ քննարկելով կազմակերպչական և հետագա գործակցության հեռանկարային հարցեր:

Հիմա եթերում