«Դուդուկը Արխանգելսկում» խորագրով փառատոնը՝ «Արխանգելսկոյե» արգելոց-թանգարանում
20 Մայիսի 2024, 22:00
Դուդուկի փառատոնը հավակնում է դառնալ Ռուսաստանի «Արխանգելսկոյե» արգելոց-թանգարանի մշակութային ավանդույթներից մեկը
Ռուսաստանի խոշորագույն թանգարաններից մեկում՝ «Արխանգելսկոյե» արգելոց-թանգարանում, անցկացվում է «Դուդուկը Արխանգելսկում» խորագրով փառատոնը:
Մայիսի 11-ից հունիսի 1-ը՝ յուրաքանչյուր շաբաթ օր, թանգարան-արգելոցի տարածքում հնչում է դուդուկը՝ երաժշտական տարբեր գործիքների նվագակցությամբ։
Համերգային ծրագիրը ներկայացնում են դուդուկահար Հովհաննես Ղազարյանը և Duduk Harmony Ensemble-ը։
«Սա մեծ հնարավորություն է օտար երկրում հանդիսատեսին ներկայացնելու մեր հայկական մշակույթը, Կոմիտասի և այլ մեծերի ստեղծագործությունները»,-նշում է Duduk Harmony Ensemble-ի ղեկավար Հովհաննես Ղազարյանը։
Սա արդեն երկրորդ տարին է, ինչ դուդուկի փառատոն է անցկացվում «Արխանգելսկոյե» թանգարանի տարածքում։
Մեկնարկը տրվել էր անցյալ տարի, իսկ այս տարի փառատոնն անցկացվում է արգելոց-թանգարանի ղեկավարության հրավերով։