Մենք գտնվում ենք այն կետում, որտեղ արդեն խոսում են Հայաստանի լինել-չլինելու մասին․ Կարեն Իգիթյան

Ռուսաստանում Երիտասարդության համաշխարհային փառատոնի ժամանակ հայ մասնակցի հարցին ի պատասխան, «Россия Сегодня»-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել էր՝ եթե հայ ժողովուրդը շարունակի նույն կերպ աջակցել ներկայիս իշխանություններին, ապա 5 տարի հետո Հայաստան չի լինի:

Այս հարցի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանը։

«Մենք գտնվում ենք այն կետում, որտեղ արդեն խոսում են Հայաստանի լինել-չլինելու մասին։ Այստեղ պետք է ուղղակի ֆիքսել՝ երբ գալիս էին իշխանության, ասում էին, որ կլուծենք Արցախի հարցը մեր օգտին, խոսում էին անկախության մասին, ինքնորոշման մասին, հիմա երկիրը բերել են մի այնպիսի վիճակի, որ խոսքն այլ բանի մասին է՝ կլինի՞ Հայաստան, թե ոչ»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է Կարեն Իգիթյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանին դուր չի գալիս Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը, բայց սրանում իր ազդեցությունն ունի նաև հենց Ռուսաստանը․ 2021 թ-ի ընտրություններին Նիկոլ Փաշինյանին սատարելը հենց դրա ապացույցն է:

«Դա ունի պատճառներ, Ռուսաստանում համարում էին, որ Փաշինյանն այնպիսի գործընկեր է, ում հետ կարելի է խոսել, որևէ բան ասել և նա կանի, և Արցախի հարցում դա այդպես էր, բայց ոչ թե նրա համար, որ նա հուսալի գործընկեր է, այլ նրա, որ Արցախը Փաշինյանի համար երբեք արժեք չի եղել, այլ ընդհակառակը՝ բեռ է ընկալվել»,- նշում է փորձագետը։

Ըստ Կարեն Իգիթյանի՝ Ռուսաստանը հնարավոր է հիմա փորձի սատարել ընդդիմությանը, սակայն դա հաջողությամբ չի պսակվի, քանի որ ընդդիմադիր ուժերի նպատակը հայկական ազգային շահերը վնասելը չէ։

«Այս պահին Փաշինյանի ռեժիմն ունի մի քանի հիմնավորում իշխանության մնալու համար, որոնցից մեկը թուրք-ադրբեջանական ագրեսիայի հնարավորությունն է։ Այսինքն՝ ինչ է ասում Փաշինյանը, եթե ես մնամ իշխանության, մենք կարող ենք խուսափել ագրեսիայից, իսկ եթե գան այս ազգային ուժերը, որոնց ինքը թուրքերի պես ռևանշիստ է կոչում, ապա միանգամից Ադրբեջանն ու Թուրքիան կհարվածեն»,- նշում է նա։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ կապված Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու հստակ որոշում կայացնելու վերաբերյալ, ինչպես նաև ԵԱՏՄ-ում ՀՀ-ի անդամակցության մասին, Կարեն Իգիթյանը տրամաբանական է համարում Լավրովի կոչը, քանի որ Հայաստանում ԵԱՏՄ-ի միջոցով բավականին մեծ գումարներ են շրջանառվում․

«Ռուսական կողմը ՀՀ իշխանություններին ասում է՝ ուզում եք ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց դրան զուգահեռ մնալ ԵԱՏՄ-ում, քանի որ Միության շնորհիվ մեծ գումարներ են մտնում Հայաստան։ Եւ նրանք ասում են, որ այդ կերպ չի լինի, եթե ուզում եք մեզ հետ համագործակցել, ապա դա պետք է լինի համակարգված, իսկ եթե ասում եք՝ այստեղ ինձ ձեռնտու է մնում եմ, իսկ որտեղ ձեռնտու չէ, ապա դուրս եմ գալիս, բնականաբար, այդպես չի կարող լինել։ Ռուսաստանը համարում է, որ ինքն է ապահովում Հայաստանի անվտանգությունը, և այս իրավիճակում կարող է ավելի շատ բան պահանջել Հայաստանից։

Իսկ Հայաստանի դե ֆակտո իշխանությունն ասում է՝ ոչ, չեք ապահովում մեր անվտանգությունն, ավելին, ինքներդ եք մեզ համար վտանգ ներկայացնում, և մենք ձեր այս դերը չենք ընդունում»։

Այսպիսով, ըստ Կարեն Իգիթյանի, չունենալով ոչ-մի երաշխիք այլ երկրներից, Փաշինյանի վարչակազմը տապալում է մեր ռազմաքաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Հիմա եթերում