Դուք պետք է օգտագործե՞ք «Խանքենդի» անունը և օգտագործեք այն Ստեփանակերտից առա՞ջ. ԵԽ պատգամավորը՝ Տոյվո Կլաարին
11 Հուլիսի 2023, 11:55
Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն արձագանքել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը, որում նա Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի համար կիրառել է ադրբեջանական Խանքենդի տեղանունը:
Խոսքը Կլաարի՝ հետևյալ գրառման մասին է.
«Ուրախ եմ այսօր առավոտյան կարդալ, որ դեպի Խանքենդի/Ստեփանակերտ գազամատակարարումը վերականգնվել է»։
ԵՄ պաշտոնյան այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել էր երեկ կեսօրին, երբ հայտնի էր դարձել, որ Հայաստանից դեպի շրջափակված Արցախ գազամակարարումը տևական դադարից հետո վերականգնվել է:
Կլաարի գրառմանը պատասխանել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն.
«Դուք համոզվա՞ծ ե,ք Տոյվո Կլաա՛ր: Դուք համոզվա՞ծ եք, որ դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է: «Ուրա՞խ եք կարդալ» այն պարագայում, երբ Լաչինի միջանցքը դեռ լիակատար շրջափակման մեջ է:
Դուք պետք է օգտագործե՞ք «Խանքենդի» անունը և օգտագործեք այն Ստեփանակերտից առա՞ջ:
Եվրախորհրդարանը ցանկանում է, որ Դուք գործեք և աջակցեք շրջափակման մեջ հայտնված քաղաքացիական անձանց, ոչ թե լուրեր կարդաք, ոչ թե հաճոյանաք այս սարսափելի իրավիճակի պատասխանատուներին»:
Հիշեցնենք՝ «Արցախգազ»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարումն Ադրբեջանը վերականգնել էր: Արցախում ադրբեջանական կողմը գազամատակարարումը դադարեցրել էր մարտի 21-ից:
Հաղորդվեց, որ արցախյան կողմի հետ այդ թեմայով որեւէ հաղորդակցություն տեղի չի ունեցել: Ժամեր անց, սակայն, Ադրբեջանը նորից անջատեց գազամատակարարումը:
Հիշեցնենք, որ Արցախի շրջափակման 212 օրերի ընթացքում սա 145-րդ օրն է, ինչ Արցախի 120 000 բնակչությունը զրկված է գազից: