Դուք վտանգավոր բան եք անում. Ռուբեն Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

21 Մայիսի 2023, 19:05

Կարծիք

Դուք վտանգավոր բան եք անում, ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ տեսաուղերձով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Հակոբավանքից, որը Արցախի սրտում է, ասում եմ՝ Դուք վտանգավոր բան եք անում, փորձում եք մեզ դարձնել ստրուկ և արժեք չունեցող մարդ։ Դա ձեզ մոտ չի ստացվելու», — ասաց նա։

Վարդանյանը տեսանյութում ասում է․«Ամենասարսափելին այն է, որ մենք խոսում ենք ոչ թե որ քաղաքական ուժն է ճիշտ կամ սխալ, այլ խոսում ենք ամենախորքայի արժեքների մասին։ Երբ մեզ թույլ ենք տալիս ասել, որ ունենք հազարավոր դասալիքներ՝ առանց ապացույցների, երբ ասում ենք՝ հայ կանայք երջանիկ չեն, երբ հնարավոր է թքել մարդու երեսին և դա նորմալ է, երբ խոսում ենք, որ եկեղեցու դեմ կարելի է այսպիսի պայքար սկսել, երբ հնարավոր է Արցախի մասով ասելի՝ ինչ կապ ունենք, մատ թափ տալ ԱԺ-ում և ասել՝ «Դուք ո՞վ եք, որ մեզ բան եք ասում», եթե կարելի է հանգիստ հասկանալ, որ հազարավոր զոհեր են լինելու, բայց պատերազմը չկանգնեցնել, և դա դառնում է ստանդարտ՝ ամենամեծ վտանգն է, որը մեզ սպառնում է։ Մենք հայրենիքն ենք դավաճանում, արմատները, արժեքները»։

Նա ավելացնում է նաև, որ քննարկվում են բաներ, որոնք քննարկման ենթակա չեն՝ ցեղասպանությունը, Արարատը, և շատ այլ բաներ, որոնք, նրա խոսքով, եղել են մեր սյուները, որոնց վրա հենվել ենք․

«Վստահ եմ, որ սա երկար չի կարող շարունակվել։ Ամեն ինչ կարելի է պղտորել, բայց ազգային սկզբունքները պղտորել չի կարելի։ Վստահ եմ՝ մեր սերունդն արժանապատվորեն անցնելու է ամենածանր ժամանակը»։