Դրանք մարդկանց կյանքեր են, ոչ թե պարզապես քաղաքագիտական հարթություն․ Մարիա Զախարովա

06 Փետրվարի 2025, 20:20

Քաղաքականություն

Պատասխանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին տարբեր հրապարակումների մասին հարցին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԶԼՄ-ները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն հատկապես զգայուն հարցերի շուրջ, որոնք լցված են կոնֆլիկտային ներուժով:

«Մեր դիրքորոշումն այն է, որ գործողությունների ողջ ազատության և գրաքննության բացակայության պայմաններում լրատվամիջոցները պետք է հաշվի առնեն այն ցավն ու վիշտը, որ այս տարածաշրջանի ժողովուրդներն արդեն զգացել են։ ԶԼՄ-ները պետք է իրենց պատասխանատու պահեն, պետք է աշխատեն հօգուտ խաղաղ կարգավորման և իրավիճակի կայունացման, այլ ոչ թե ապակայունացման։

Մենք ինքներս երբեմն քննադատվում ենք այն բանի համար, որ ռուսական լրատվամիջոցները հեռարձակում կամ ներկայացնում են իրենց տեսակետը, կամ փորձագետների տեսակետը, որն այս կամ այն երկրում, այս կամ այն հասարակությունը չի կիսում:

Մենք ամեն անգամ կոչ ենք անում մեր լրատվամիջոցներին պատասխանատու մոտեցում ցուցաբերել հատկապես զգայուն հարցերի շուրջ, որոնք լցված են կոնֆլիկտային ներուժով: Դրանք մարդկանց կյանքեր են, այլ ոչ թե պարզապես քաղաքագիտական հարթություն», — ընդգծել Է Զախարովան։