Ձերբակալվել է «Մրգենի»-ի ներմուծումների և գնման բաժնի պետը՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և մաքսանենգություն կատարելու համար

24 Մայիսի 2023, 21:15

Կարծիք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։