Ձեռնպահ մնա՛լ Արցախի ժողովրդի շահերից չբխող հայտարարություններից. Արցախի ՄԻՊ-ը՝ ՔՊ-ականներին
06 Հուլիսի 2023, 13:30
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի դիտարկմամբ՝ Հայաստանի խորհրդարանական իշխող ուժի ներկայացուցիչների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությունները որոշակի խոչընդոտներ են հարուցում: Արցախի պաշտոնյան այս մասին հայտարարել է այսօր՝ հուլիսի 6-ին Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամրջի ժամանակ:
«Տարբեր քննարկումների ժամանակ միջազգային գործընկերների կողմից մատնանշվում, վկայակոչվում են այդ հայտարարությունները: Ցանկալի կլիներ, որ Հայաստանի հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների ներկայացուցիչների կողմից նման հայտարարություններ չհնչեն, որոնք վնասում են ընդհանուր գործին։ Պետք է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից եւ կասկածի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը մեր պարագայում, այլեւս ակնհայտ է, որ հավասարազոր է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքին: Ստացվում է, որ մի կողմից աշխատանք է տարվում, որ միջազգային հանրությունը ամբողջությամբ ընկալի ստեղծված հումանիտար իրավիճակը, մյուս կողմից էլ՝ նման հայտարարություններ են արվում: Պետք է զերծ մնալ դրանցից»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը:
Նշենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել էր, թե «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, հասկանալով, որ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի եւ ԼՂ ներկայացուցիչների միջեւ՝ միազգային ներկայությամբ»: