Ձեռք են բերում այն զինամթերքը, ինչը կարողանում են, ոչ թե այն, ինչն իրականում անհրաժեշտ է. Ավետիք Քերոբյան
22 Օգոստոսի 2024, 20:50
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, տեխնոլոգիական փորձագետ Ավետիք Քերոբյանը ողջունում է հայկական զինված ուժերը ֆրանսիական և հնդկական զինամթերքով համալրելու Կառավարության նախաձեռնությունը, սակայն ընդգծում է՝ ձեռք են բերում այն, ինչը կարողանում են, ոչ թե այն, ինչն իրականում անհրաժեշտ է:
«Եթե համեմատենք ֆրանսիական և հնդկական հրետանին, ապա դրանք նույն տրամաչափի են, բայց տարբեր սկզբունքներով են աշխատում: Հնդկական ինքնագնաց հրետանին դանդաղաշարժ է, ի տարբերություն ֆրանսիական ինքնագնաց հրետանու: Բացի այդ, մարտական հնարավորություններով բավականին տարբերվում են, այդ թվում՝ ավտոմատացման հնարավորություններով: Տարատեսակ հրետանային համակարգերի առկայությունը բանակում որոշակի լոգիստիկ դժվարություն է ստեղծելու ուսուցման, պահեստամասերի փոխարինելիության առումով: Ամեն դեպքում այս ուղղություններով ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը շատ կարևոր է»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Ավետիք Քերոբյանը:
Փորձագետը ներկայացնում է հակաօդային պաշտպանության ոլորտում Հայաստանի խնդիրները, շեշտելով՝ զինված ուժերում հակաօդային պաշտպանական խոցման համակարգերը միշտ էլ քիչ են եղել, իսկ 44-օրյա պատերազմից հետո դրանց թիվը կրճատվել է:
«Սահմանների պաշտպանությունը հակաօդային պաշտպանության տեսանկյունից բարդացել է: Էստեղ շարժական հակաօդային պաշտպանության համակարգերը մեծ դեր են խաղալու և շեշտը պետք է դնել հենց նման զինամթերք ձեռք բերելու վրա: Ֆրանսիան հայտարարել է, որ շարժական ռադարներ է մատակարարել, սրանից մի քանի տարի առաջ Հնդկաստանից ձեռք ենք բերել հակահրետանային ռադիոլոկացիոն կայաններ, հայտարարվել է նաև Հնդկաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռքբերելու մասին, բայց դրանք շատ քիչ ու միատեսակ են, պետք է բազմազանություն շերտավորված հակաօդային պաշտպանության համակարգ կառուցելու համար»,- նշում է Ավետիք Քերոբյանը:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմում նոր տեխնոլոգիաների, զինամթերքի, մոտեցումների կիրառմանը, Ավետիք Քերոբյանն ընդգծում է, որ այդ պատերազմը նոր էջ է բացել ժամանակակից մարտարվեստում:
«Հսկայական դեր են սկսել խաղալ հեռակառավարվող ԱԹՍ-ները, եթե ժամանակին խոսքը բարձր թռնող, ծանր զինված ԱԹՍ-ների մասին էր, որոնք այդ թվում՝ ԱՄՆ-ն, Հնդկաստանը Չինաստանը օգտագործում են այն թատերաբեմերում, որտեղ չկա զարգացած հակաօդային պաշտպանության համակարգ, ապա այս թատերաբեմում փոքր ԱԹՍ-ներն էական դեր են խաղում և՛ հարձակվող, և՛ պաշտպանվող զորքերին ահաբեկելու իմաստով և հարձակումը կամ պաշտպանությունն աջակցելու իմաստով: Մենք էլ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք դրան, ոչ միայն ուսումնասիրելով այդ փորձը, այլև զարգացնել հենց այդ տեխնոլոգիական ուղղությունները, կրթել, պատրաստել մասնագետներ, ընդ որում՝ պարտադիր չէ, որ նրանք լինեն զինված ուժերի մասնագետներ, նրանք կարող են լինել նաև քաղաքացիական անձինք, որոնք համապատասխան պատրաստություն կանցնեն և մասսայական ռազմական գործողությունների ժամանակ կարող են զորակոչվել և համալրել բանակը ու նոր որակ հաղորդել մեր զինված ուժերին»,- շեշտում է փորձագետը:
Ավետիք Քերոբյանը կարևորում է բնակչության ներգրավվածությունը զինված ուժերում և մարտական գործողություններում:
«Մեր աշխարհագրությունն այնքան է նեղացել, որ շատ բնակավայրեր հայտնվել են ուղիղ խոցման գոտում և պատրաստված, մարզված բնակչությունը, որը պետք է առաջին ժամին կանգնի սահմանը պաշտպանող զինվորի կողքին, ուղղակի դարձել է անհրաժեշտություն: Չի կարելի մնալ միայն բանակի հույսին և չէր էլ կարելի մնալ նաև նախկին 30 տարիների ընթացքում: Անժխտելի է բնակչության մարզման անհրաժեշտությունը, որովհետև խուճապի մատնվող բնակչությունը պարտության առաջին գրավականն է: Օրինակ, 25-օրյա վարժական հավաքները շատ քիչ բան են անում տարածքային պաշտպանության ուժերի զարգացման համար, դրանց պարտադիր պետք է ներառել տեղի բնակչությանը, չի կարելի Կոտայքի բնակչին տանել Սյունիք՝ վարժանքի և մտածել, որ Սյունիքը պաշտպանված կլինի, տեղի բնակչությանը պետք է ներգրավվել իր տարածքի պաշտպանությանը: Այս սկզբունքը պետք է գործի յուրաքանչյուր մարզի դեպքում:
Կարևոր է, որ այդ ստորաբաժանումները լինեն մշտական կազմով, մարդիկ իրար ծանոթ լինեն, տիրապետեն տարածքին ու պաշտպանություն կամ հակահարձակում իրականացնելու համար: Այս առումով շատ քիչ բան է արվում: Մենք չենք կարող մեզ թույլ տալ միայն պրոֆեսիոնալ բանակ ունենալ, պետք է բնակչությունը ներգրավված լինի, բայց պետք է նայենք, թե ինչ արդյունավետությամբ են ներգրավվում այս կամ այն անձինք այդ հավաքներին կամ տարածքային պաշտպանության ուժերին»,- ասում է Քերոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: