Ձեզ որպես գործիք են ընկալում, ոչ թե արժանապատիվ քաղաքացիներ. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին
26 Մայիսի 2024, 20:35
Կառավարական ամառանոցների մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը դիմելով պատ կազմած ոստիկաններին՝ ասաց, որ իրենց որպես գործիք են ընկալում:
«Սա պատմական պահ է: Այս ամբողջ ժողովուրդը հոգնել է այն կարգավիճակից, որի միակ հենարանը այսօր իբր թե դուք եք: Ձեզ այդպես են գնահատում՝ որպես այս ստի ու կեղծիքի, թշնամության ու ատելության կառավարության հենարան: Ձեզ ոչ ոք որպես ամբողջական մարդ չի ընկալում, երկրի արժանապատիվ քաղաքացի չեն տեսնում, ձեզ որպես գործիք են տեսնում: Ձեր իրական գնահատականը այս ժողովրդի մեջ է, ոչ այլուր: Այս դռնից այն կողմ դուք ոչ մի գնահատական չունեք: Եվ դուք տեսել եք, զգացել եք, որ չունեք:
Մենք այստեղ ենք հիմա և, կարծում եմ, բավականին երկար ժամանակ, մինչև մեզ ինչ-որ ձևով պատասխանը կգա՝ ինչպես, ինչ պայմաններում, որտեղ, որ կերպով, ներսում, թե դրսում մենք կհանդիպենք՝ հանգիստ խաղաղ, առանց ցնցումների խոսելու, ուրիշ ելք չկա»,- ասել է Բագրատ Սրբազանը:
Նա նաև հավելել է, որ կառավարական առանձնատան մոտ մնալու են այնքան, որքան պետք է։
«Մեկ ճանապարհ կա. դա իր գնալու ճանապարհն է: Որպեսզի մենք էլ կարողանանք մեր վերաբերմունքը արտահայտել, մենք այստեղ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է»,- եզրափակել է Սրբազանը: