ԵԱՀԿ ՄԽ-ից դուրս գալը, խաղաղության համաձայնագիրը, «Թրամփի երթուղին». էլ ինչ կստորագրեն Փաշինյանն ու Ալիևը ԱՄՆ-ում

07 Օգոստոսի 2025, 15:40

Քաղաքականություն

ԱՄՆ-ում բնակվող «Kyiv Post պարբերականի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն հայտնել է, որ ուրբաթ՝ օգոստոսի 8-ին, Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահ Թրամփի ներկայությամբ կստորագրեն մի շարք առանցքային փաստաթղթեր:

🔹Համատեղ հռչակագիր, որում շարադրվելու է «խաղաղության հստակ ուղին» և հարաբերությունների լիակատար կարգավորումը: Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ այն կլինի «հնարավորինս անշրջելի»։

🔹Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրում են երկկողմ համաձայնագրի տեքստը

🔹ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու համատեղ նամակ. երկու երկրներն էլ պաշտոնապես դուրս կգան միջնորդության այս ձևաչափից

🔹Փոխըմբռնման հուշագրեր ԱՄՆ-ի հետ. կստորագրվեն առանձին փաստաթղթեր Վաշինգտոնի հետ երկկողմ հարաբերությունների վերագործարկման (Հայաստանի համար) և մեկնարկի (Ադրբեջանի համար) վերաբերյալ, ինչը համագործակցության նոր հեռանկարներ կբացի:

🔹Համաձայնագրի կենտրոնական տարրը կդառնա TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) կոչվող նոր ենթակառուցվածքային նախագիծը՝ «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»: Այս նախագիծն ուղղված է Հայաստանի հարավային հատվածով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի հարցի լուծմանը։ TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախագիծ չէ: ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում և ռազմական ուժեր չի տեղադրում երթուղու վրա:

ԱՄՆ-ի մասնակցությունը կրելու է բացառապես կոմերցիոն բնույթ՝ նպատակ ունենալով ապահովել երթուղու անվտանգ գործունեությունը միջազգային առաջատար օպերատորների ներգրավման հաշվին: TRIPP-ի աշխատանքային խմբերը քննարկումները կսկսեն գագաթնաժողովից հետո արդեն հաջորդ շաբաթ՝ Թրամփի կողմից սահմանված նախապատրաստական աշխատանքների ավարտի վերջնաժամկետով: Համաձայնագրերը նախատեսված են երկարաժամկետ հեռանկարի համար՝ ավելի քան 50 տարի։

ԱՄՆ-ն ձգտում է դառնալ երկու երկրների հուսալի գործընկերը։

Չնայած առաջընթացին, մնում է երկու հիմնական հարց. Հայաստանը պահանջում է ազատ արձակել իր գերիներին, իսկ Ադրբեջանը պնդում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն:

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ դրանք «կարևոր դետալներ» են, սակայն ԱՄՆ-ի ռազմավարությունն է արձանագրել խաղաղության ճանապարհը, այնուհետև դրա հիման վրա ստեղծել պայմաններ առավել սուր հարցերի լուծման համար: Գագաթաժողովը պետք է ավարտվի մի քանի առանցքային փաստաթղթերի ստորագրմամբ, ներառյալ համատեղ հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Մինսկի խմբից դուրս գալու մասին նամակը:

«Աբրահամի համաձայնագրեր 2.0»

Պաշտոնյաներն ակնարկել են նաև, որ այս խաղաղ գործընթացը կարող է ավելի լայն նախաձեռնության սկիզբ դառնալ՝ «Աբրահամի համաձայնագրեր 2.0», որում Ադրբեջանը կարող է առաջատար դեր խաղալ: Նոր համաձայնագիրը կարող է մոդել դառնալ ավելի լայն «աշխարհի շրջանակի» համար, որը կմիավորի Իսրայելի հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրներին և տարածաշրջանում կայունության ամրապնդման շահեր:

«Սպիտակ տունը հույս ունի, որ ԱՄՆ-ին դնելով տարածաշրջանային նոր կարգի կենտրոնում՝ կկարողանա խաղաղության ու բարգավաճման ամուր Ժառանգություն կառուցել աշխարհի կենսականորեն կարևոր հատվածում»,- ասվում է հոդվածում:

Հիմա եթերում