ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց խաղաղ պահանջատիրական ցույց է կազմակերպվել՝ ի աջակցություն Արցախի

04 Օգոստոսի 2023, 17:48

Քաղաքականություն

ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց խաղաղ պահանջատիրական ցույց է կազմակերպվել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով։

Հավաքի ժամանակ հասցեագրվել են բոլոր միջազգային կազմակերպությունները, կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ընդդեմ դիկտատոր ռեժիմի, ստիպել Ադրբեջանին վերջ տալ անօրինական բլոկադային` այդպիսով կանխելով ահագնացող արհավիրքը։ ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակին պաշտոնապես նամակ է հանձնվել համապատասխան պահանջներով և տեղեկություններով։

Անտեղյակ անցորդներին բաժանվել են Արցախի պատմության և Կյանքի ճանապարհի վերաբերյալ 400 ինֆորմացիոն թերթիկներ:

Հիշեցնենք, որ  խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով,  ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից եւ կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ: