ԵԱՏՄ անդամ երկրներից ՌԴ ներմուծվող մեքենաների համար ապրիլի 1-ից կգործեն նոր կանոններ
31 Մարտի 2024, 20:24
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում ՌԴ կառավարության որոշումը, որը նախատեսում է ԵԱՏՄ անդամ երկրներից ՌԴ ներմուծված տրանսպորտային միջոցների համար ուտիլիզացիոն վճարի չափի հաշվարկման նոր կանոնների սահմանում: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն։
Նման մեքենաներից կգանձնվեն հավելյալ ուտիլիզացիոն վճար, որը ներառելու է իր մեջ նաև թերվճարված հարկերն ու տուրքերը։ Փորձագետները կանխատեսում են ԵԱՏՄ երկրներից ներկրված մեքենաների գների աճ։
«Այս մոտեցումը թույլ կտա խուսափել իրավիճակներից, երբ ԵԱՏՄ անդամ երկրներում մաքսազերծված մեքենաներ ներկրող քաղաքացիները և ընկերությունները ստանում են անհիմն առավելություններ՝ համեմատած այն մեքենաների սեփականատերերի հետ, որոնք դա անում են Ռուսաստանում և ամբողջությամբ վճարում օրենքով սահմանված հարկերն ու տուրքերը», — ասվում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում։
«Ավտոստատ» վերլուծական գործակալության տվյալներով ՝ անցյալ տարի ՌԴ ներմուծված յուրաքանչյուր հինգերորդ մեքենան եղել է ԵԱՏՄ անդամ երկրներից։ Մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծված 707 հազար մեքենաներից 8%-ը բաժին է ընկել Ղրղզստանին, 6%-ը՝ Ղազախստանին, 2%-ը՝ Բելառուսին, 1%-ը՝ Հայաստանին։
Նոր կանոնների ներդրումն անխուսափելիորեն կազդի ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող մեքենաների արժեքի վրա։