ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով

20 Փետրվարի 2024, 17:40

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 42.7 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 615 մլն 977.2 հազար դոլար: Թեև Հայաստանի առևտրային ամենամեծ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, սակայն անգամներով աճել են Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները: Ընդ որում, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ առավել աշխույժ է եղել արտահանումը:

Արտահանվող ապրանքների կառուցվածքում փոփոխություններ են եղել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը ներկայացրեց Ռուսաստանից բացի՝ նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների անգամներով ավելացման պատճառները,  արտահանված և ներմուծված հիմնական ապրանքատեսակներն ու տարվա ընթացքում առաջացած խոչընդոտները:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 36.8 տոկոսը: Ընդ որում, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 306 մլն 23.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 43.3 տոկոսով: Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 2.8 տոկոսով՝ կազմելով 181 մլն 640.1 հազար դոլար: Հատկանշական է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարի աճել են անգամներով: 2023-ին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը  աճել է 2.4 անգամ՝ կազմելով 100 մլն 484.2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4.2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով:

Նա իրատեսական չի համարում, որ այն ծավալը, որ կա ՌԴ-ի հետ, կլինի ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ ևս: Սակայն ուրախալի է համարում հատկապես այն  հանգամանքը, որ առևտրաշրջանառության մեջ ավելի աշխուժ է արտահանման ցուցանիշը:

«Դա, բնականաբար, պայմանավորված է և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական հանգամանքներով: ԵԱՏՄ-ի շրջանակներում թիրախային ուղղությունը ներմուծման փոխարինումն է։ Գաղափարի հիմնական մեխն այն է, որ որքան հնարավոր է ավելի շատ միության ներսում կարողանանք ապրանքներ արտահանել և ներմուծել»,-ասաց նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ դրա համար որպես թիրախ է վերցվել նաև արտադրության զարգացումը, կոոպերացիոն նախագծերի իրականացումը:

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2023-ին աճել է 40.8 տոկոսով, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, աճել է 44.6 տոկոսով:

Հայաստանից արտահանման ամենամեծ ծավալը 2023-ին ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն՝ կազմելով 3 մլրդ 418 մլն 641.6 հազար դոլար՝ 2022 թվականի նկատմամբ ավելանալով 38.8 տոկոսով: Իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի, կազմել է 3 մլրդ 887 մլն 382.3 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 47.4 տոկոսով:

Հայաստանից Ղրղզստան արտահանման ծավալը 2022-ի նկատմամբ նախորդ տարի աճել է 4.8 անգամ՝ կազմելով 27 մլն 392.6 հազար դոլար, իսկ Ղրղզստանից  ներմուծումը նվազել է 56 տոկոսով՝ կազմելով 436.4 հազար դոլար:    

Հայաստանից  Ղազախստան արտահանումը նախորդ տարի 2022-ի նկատմամբ աճել է 3.8 անգամ՝ կազմելով 71 մլն 320.8 հազար դոլար, իսկ Ղազախստանից ներմուծման աճը 23.6 տոկոս է՝ 29 մլն 163.4 հազար դոլար ծավալով:

2023-ին Հայաստանից Բելառուս արտահանվել է 91 մլն 929.9 հազար դոլարի արանք՝ 2022-ի նկատմամբ աճելով 19.5 տոկոսով, ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա Բելառուսից ներմուծումը նվազել է 18.4 տոկոսով՝ կազմելով 89 մլն 710.2 հազար դոլար:

Մովսիսյանի խոսքով՝ եթե 2021-2022 թթ Հայաստանից Ռուսաստան արտահանվել էին հիմնականում (ըստ ծավալի նվազման) ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, ձուկ, լոլիկ, ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր, ապա 2023-ին արտահանվել են հիմնականում հեռախոսային ապարատներ և այլ սարքեր, ադամանդ, ալկոհոլային խմիչքներ, մոնիտոր և պրոյեկտոր, երկաթահամաձուլվածք:

2021-2022թթ. Հայաստանը ՌԴ-ից ներմուծել էր հիմնականում բնական և հեղուկ գազ, նավթ և նավթամթերք, անմշակ ալյումին, ոսկի, ցորեն, 2023-ին ներմուծել է ոսկի, բնական և հեղուկ գազ, ադամանդ, նավթ և նավթամթերք, անմշակ կամ կիսամշակ պլատին:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մյուս պետություններին, ապա, եթե 2021-2022-ին Հայաստանը Բելառուս էր արտահանել հիմնականում ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, անմշակ կապար և այլն, 2023-ին արտահանել է հիմնականում հեռախոսային ապարատներ, ադամանդ, համակարգիչներ և դրանց բլոկեր, ալկոհոլային խմիչքներ, տպագրական սարքավորումներ, ներմուծել է ադամանդ, կաթ և սերուցք, մեքենա և սարք՝ բարձրացնելու, տեղափոխելու կամ բեռնաթափելու, անտառանյութ, փայտանրբաթելային սալիկներ և այլ ապրանքներ: 

Հայաստանը 2023-ին Ղազախստան է արտահանել հիմնականում մարդատար ավտոմեքենաներ, ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, ներկեր և լաքեր, սառնարան, սառցարան և այլ սառեցնող սարքավորումներ, ներմուծել է ծխախոտային արտադրանք, երկաթից հարթ գլանվածք, էլեկտրական կուտակիչներ, անմշակ ալյումին, սարք՝ բնահող, հանքաքար, այլ պինդ հանքանյութ լվալու, աղալու, խառնելու և այլն:

2023-ին Հայաստանից Ղրղզստան են արտահանվել հիմնականում մարդատար ավտոմեքենաներ, հագուստ, կենդանիների կեր, ներքին այրման մխոցային շարժիչ և այլն, Ղրղզստանից ներմուծվել են հեռախոսային ապարատներ, լոբազգի բանջարեղեն, չորացված մրգեր, մակարոնեղեն, հյութեր: