ԵԱՏՄ երկրների ընկերությունները Հայաստանում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու իրավունք կստանան

18 Ապրիլի 2025, 21:15

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Հայաստան) բեռնափոխադրողներն իրավունք են ստացել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում իրականացնել կաբոտաժային փոխադրումներ (երկրի ներսում երկու կետերի միջև՝ լինելով օտարերկրյա փոխադրող)։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության ապրիլի 17-ի նիստի ժամանակ։

Մասնավորապես, կառավարությունն ընդունել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ մտցնելու մասին օրենքի նախագիծը։

Փաստաթուղթը ստորագրվել է մի քանի տարի առաջ, սակայն ուժի մեջ է մտել միայն այս տարի, այդ թվում ՝ Ռուսաստանի տարածքում հայ փոխադրողների համար։

Օրենքը, որը թույլ է տալիս ԵԱՏՄ երկրների տրանսպորտային ընկերություններին իրականացնել կաբոտաժային ավտոմոբիլային բեռնափոխադրումներ Ռուսաստանի Դաշնության տարածքում, պաշտոնապես ուժի մեջ է մտել 2025 թվականի մարտի 1-ից։ Ձգձգումները պայմանավորված են նրանով, որ էլեկտրոնային բեռնափոխադրումների փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգը, որի միջոցով պետք է կաբոտաժի թույլտվություն ստանալ, դեռ վերջնական տեսքի չի բերվել։ Բացի այդ, մեխանիզմը կարգավորող լրացուցիչ իրավական ակտերը դեռ ուժի մեջ չեն մտել։