ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կզրկվի 150 միլիոնանոց շուկայից. Լիլիա Ամիրխանյան
19 Հոկտեմբերի 2023, 22:15
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում առաջինը, ինչից կզրկվի Հայաստանը, դա 150 մլն-անոց շուկան է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ ներկայացնելով՝ ինչ կլինի, եթե Հայաստանը որոշի ԵԱՏՄ-ից դուրս գալ։
«ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում առաջինը, ինչից կզրկվի Հայաստանը, դա 150 մլն-անոց շուկան է, բոլոր այն մաքսային և առևտրատնտեսական արտոնություններն են, որոնք տրամադրում է Եվրասիական տնտեսական միությունը, և ընդհանուր առմամբ, բոլոր այն հնարավորություններրը, մեխանիզմներն ու ճանապարհները, որոնք այդ թվում 2020 թվականի ճգնաժամերից հետո, Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդրիների համատեքստում հնարավորություն տվեցին Հայաստանի տնտեսությանը ոչ միայն պահպանել որոշակի կայունություն, այլև աճեր գնացել որոշ ոլորտներում»,- նշեց Ամիրխանյանը։
Փորձագետի դիտարկմամբ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի տնտեսությունը կանգնելու է լրջագույն խնդիրների և մարտահրավերների առաջ։
«Հայաստանը ծովային ելք չունեցող տնտեսությունների շարքին է պատկանում, մենք տնտեսապես, գրեթե ամբողջությամբ, շրջափակման մեջ ենք, և հատկապես, նման պայմաններում գտնվող երկրների համաշխարհային փորձը որոշակի ունիվերսալ գործիքակազմներ է առաջարկում նման տնտեսությունների համար և այդ գործիքակազմերից առաջնայինը ինտեգրացիոն միավորումների մասնակցությունն է։ Դրանք տալիս են հնարավորություն մեղմելու, չեզոքացնելու բոլոր այն ռիսկերը, որոնց առջև կանգնում են նման տնտեսությունները, և հիմա մեզ համար առավել քան կարևոր է նման ինտեգրացիոն միավորման անդամ դառնալը։ Այս պարագայում, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, մեր տնտեսությունը կանգնելու է լրջագույն խնդիրների և մարտահրավերների առաջ»,- եզրափակեց Ամիրխանյանը։