ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար. Միխայիլ Գալուզին

14 Ապրիլի 2025, 10:42

Քաղաքականություն

ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, ապա դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երևանը ներկայումս ունի իր գործընկերների հետ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար»,- ասել է փոխնախարարը։

Ըստ Գալուզինի՝ խոսքն այն մասին չէ, որ Ռուսաստանը կամ մեկ ուրիշը ցանկանում են բացառել Հայաստանին կամ վնաս պատճառել շատ զարգացած տնտեսական համագործակցության համատեքստում։

«Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 12 մլրդ դոլար՝ ցույց տալով զգալի աճ։ Մենք Հայաստանի շահերը ոտնահարելու պլաններ չունենք և չենք կարող ունենալ։ Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, ում հետ մեզ կապում է, ինչպես Վրաստանի հետ, բազմադարյա ընդհանուր պատմությունը, Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակը, մայիսի 9-ը:

Փաստն այն է, որ օբյեկտիվորեն միաժամանակ անհնար է անդամակցել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային և սակագնային կարգավորումներ: Դրանք, ըստ էության, տարբեր տնտեսական բլոկներ են։ Ըստ այդմ, մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ, թե ԵԱՏՄ գծով եվրասիական ինտեգրմանը մասնակցությունը շարունակելու ուղղությամբ»,- ասել է Գալուզինը։