ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտահանումը կնվազի 80%-ով. Մարիա Զախարովա
31 Հունվարի 2025, 13:50

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտահանումը կկրճատվի 80 տոկոսով։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ տասնամյակների ընթացքում ստեղծված առևտրային շղթաները կխաթարվեն: Զախարովան նշել է, որ «քաղաքագիտության մեջ մտնելու անհրաժեշտություն չկա»։
«Տնտեսություն կա, իսկ ԵԱՏՄ-ն տնտեսական օգուտների մասին է։ ԵՏԱՄ-ին անդամակցությունը Հայաստանին լուրջ տնտեսական օգուտներ է տալիս, ինչը բազմիցս նշել է հենց Երևանը, նույն հարցը քննարկվել է Մոսկվայում Լավրովի և Միրզոյանի հանդիպման ժամանակ: Միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն անցյալ տարի մոտեցել է 12 մլրդ դոլարի ցուցանիշին», — ընդգծել Է դիվանագետը։
Զախարովան բացատրել է՝ դա ազնվորեն վաստակած գումար է, որը Հայաստանում արտադրողները ստանում են իրենց մատակարարած ապրանքների դիմաց։
Խոսելով տնտեսական փոխգործակցությունը մեծացնելու եվրոպացիների և ամերիկացիների պատրաստակամության մասին՝ Զախարովան նշել է, որ Հայաստանի առևտուրը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ նվազել է։
«Եկեք նայենք վիճակագրությանը: 2024 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունը Եվրամիության և ԱՄՆ-ի հետ զգալիորեն նվազել է, այն մոտ 6 անգամ պակաս է, քան Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը: Կոնկրետ թվեր են», — եզրափակել է նա: