ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է․ ՌԴ ԱԳՆ
03 Փետրվարի 2026, 12:15
Հայաստանի ղեկավարությունը հստակ ցույց է տալիս ԵՄ-ի հետ առավելագույն մերձեցման շահագրգռվածություն։ «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու մտադրությանը։
Նրա խոսքով՝ դրա շրջանակում 2025 թվականի ապրիլին նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միություն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը նախապես հաստատվել էր խորհրդարանի կողմից։
«Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում այլ պետությունների ինքնիշխան իրավունքին՝ մասնակցելու ինտեգրացիոն միավորումների, ինչպես նաև նրանց ձգտմանը՝ ստանալ լրացուցիչ հնարավորություններ տնտեսական զարգացման և բնակչության բարեկեցության բարձրացման համար։ Սակայն, հաշվի առնելով Բրյուսելի՝ Ռուսաստանի հետ առճակատմանն ուղղված ռազմավարական կուրսը և ԵՄ-ի վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական բլոկի, Հայաստանի հետաքրքրությունը տվյալ կազմակերպությանը անդամակցելու հարցում մեզ մոտ մտահոգություն է առաջացնում», — նշել է Մասլեննիկովը։
Դիվանագետը շեշտել է՝ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, գիտակցում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ թե՛ դաշնակցային հարաբերությունների, թե՛ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման տեսանկյունից։
«Փաստը մնում է փաստ․ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցությունն անհնար է։ Արդեն այսօր Բրյուսելն ակտիվորեն պարտադրում է Երևանին քաղաքական դրդապատճառներով պայմանավորված անցում իր ստանդարտներին, ինչը հաշվի չի առնում Հայաստանի պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակում»,- ընդգծել է Մասլեննիկովը։