ԵԱԶԲ-ն Հայաստանում մինչև տարեվերջ տարեկան գնաճը կանխատեսում է 2,5%

12 Հունիսի 2023, 13:05

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովի խմբի ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ Հայաստանում գնաճը կկազմի տարեկան 2,5%։

«Հայաստանում մայիսին գնաճը դանդաղել է մինչև 1.3% տարեկան կտրվածքով նախորդ տարվա 3.2%–ից հետո։ Նման դինամիկային նպաստել են պարենային սեգմենտում գների նվազումը (-2,1% տարեկան ապրիլին՝ մեկ ամիս առաջ գրանցված 1,2%-ից հետո) և ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների թուլացումը։

Էական դանդաղումը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի բարձր գնաճով։

Թանկացումները սահմանափակող հիմնական գործոններն են հայկական դրամի ամրապնդումը և ներմուծվող ապրանքների վրա արտաքին գնային ճնշման թուլացումը։

Մնացած ժամանակահատվածում գների աճը կարող է փոքր-ինչ ցածր լինել ՀՀ կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշից (4+/-1,5): Մենք կանխատեսում ենք, որ Հայաստանում գնաճը մինչև տարեվերջ կկազմի տարեկան 2,5%»,- նշում են ԵԱԶԲ փորձագետները։