ԵԱԶԲ-ն զգուշությամբ է վերաբերվում Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծին. Դենիս Իլյին

14 Դեկտեմբերի 2023, 11:35

Քաղաքականություն

Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը շատ կարևոր է Հայաստանի տնտեսության համար, սակայն Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) դրան վերաբերվում է շատ ուշադիր և զգույշ: Այս մասին հայտարարել է ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը՝ պատասխանելով Alpha News-ի հարցին՝ կապված «Ամուլսար» նախագծի իրականացմանը բանկի մասնակցության հետ։

«Մենք չենք շտապում։ Նախագծին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն փորձաքննությունների անցկացում, այլև անհրաժեշտ է նախագծի բնապահպանական աջակցության պլան: Անհրաժեշտ է պահպանել այնտեղ գտնվող ազգային պարկը, ստանալ նախագծի բոլոր տնտեսական օգուտները, որոնց վրա հույս են դնում կառավարությունը և տեղի բնակիչները, բայց, միևնույն ժամանակ, հնարավորինս պահպանել շրջակա միջավայրի ներկայիս վիճակը այդ տարածքում: Մենք հիմա այդ բնապահպանական ծրագրի ձևավորման փուլում ենք», — ասել է նա։

Իլյինի խոսքով՝ եթե ծրագիրն ընդունվի, համաձայնեցվի, հաստատվի և նրանց գոհացնի, այդ դեպքում արդեն վերջնական որոշում կկայացվի նախագծում ընդգրկվելու վերաբերյալ:

«Հիմա այդ ծրագիրը ձեւավորվում է։ Հուսով եմ՝ մինչև տարեվերջ կավարտենք և կներկայացնենք այն։ Բնապահպանական պլանը հաճախորդի հետ համաձայնեցնելուց հետո այն առանձին կներկայացվի տեղական համայնքներին և հայ հանրությանը, որպեսզի ցույց տանք, թե ինչպես է դա իրականացվելու գործնականում նախքան այդ ամենը տեղում անելը»,- եզրափակել է նա։