Էդգար Սեւիկյանը հրաժարվել է խաղալ Ռուսաստանի հավաքականի կազմում

04 Սեպտեմբերի 2023, 08:40

Սպորտ

Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբի հարձակվող Էդգար Սեւիկյանը հրաժարվել է հանդես գալ Ռուսաստանի ազգային հավաքականի ներքո։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ես շատ գոհ եմ, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ուշադրություն դարձրեց և գնահատեց իմ աշխատանքն ու արդյունքները: Ռուսաստանն ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի և կարիերայի առումով։ Սակայն, այս պահին պետք է տեղեկացնեմ, որ չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին վստահության համար։ Հուսով եմ, որ երկրպագուները ըմբռնումով կվերաբերվեն իմ ընտրությանը և որոշմանը»,- ասել է 22-ամյա Սեւիկյանը։