Էդման Այվազյան. հայը, որ օտար երկրում չկորցրեց իր ինքնությունը
21 Օգոստոսի 2023, 10:35
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Էդման Այվազյանը ծնվել է Թեհրանում՝ այն ժամանակ, երբ այնտեղ հայկական դպրոցներ չկային: Երիտասարդ տղան, հավատարիմ մնալով իր ընտանիքի սկզբունքներին, հարգելով տոհմական ավանդույթները, փորձում էր ինքնուրույն սովորել հայոց լեզուն։ Այվազյանի սերը դեպի նկարչությունը վաղ է ի հայտ եկել։ Նկարիչը պատմել է, թե ինչպես է ուշադիր ուսումնասիրել Ռեպինի, Սերովի, Այվազովսկու, Սեզանի, Պիկասոյի կտավների նկարազարդումները։
Էդման Այվազյանը մեկնել է Եվրոպա, ընդունվել Հռոմի Գեղարվեստի ակադեմիա։ Այնտեղ նա ստացել է բազմաթիվ մեդալներ և մրցանակներ արվեստի մրցույթներից, շատ ցուցահանդեսների մասնակցելու հրավերներ։ Բացի նկարներից ու բնանկարներից, նա տիրապետում էր գրաֆիկայի, ուսումնասիրում էր գեղագրություն, ստեղծում ճարտարապետական նախագծեր։Նկարիչը սիրում էր ծովային թեման։
«Քանի՞ ժամ եմ ես տվել ծովին՝ խորհելով դրա մասին և լռությամբ հետևելով նրան իմ հոգում»,- ասել է նա:
Կյանքի վերջին տարիներին Էդման Այվազյանը հաստատվել է Մեծ Բրիտանիայում և լինելով Ծովային նկարիչների թագավորական ընկերության անդամ՝ տարեկան չորս-հինգ ցուցահանդես է անցկացրել։ Ավելին, Էդման Այվազյանը Եվրոպայի մի քանի հայկական եկեղեցիների և Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական տաճարի ինտերիերի հեղինակն է։ Այվազյանն իր ստեղծագործություններում անդրադարձել է նաև «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել Հովհաննես Թումանյանի գործերը, ստեղծել բազմաթիվ դիմանկարներ և ծովանկարներ։ Նկարչի աշխատանքները գտնվում են տարբեր եկեղեցիներում և թանգարաններում։