Էդուարդ Այանյանի հերոսական ուղին՝ Վոլգայից մինչև Դանուբ
25 Մարտի 2025, 23:40

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 25-ը սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից և Խորհրդային Միության հերոս Էդուարդ Մելիքի Այանյանի ծննդյան օրն է:
Էդուարդ Այանյանը ծնվել է 1919 թվականին Գետաշեն գյուղում և արդեն փոքր տարիքից սկսել է հետաքրքրվել գիտությունով։ Ավարտելով Ադրբեջանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ 1941 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, իսկ 1942 թվականի հոկտեմբերին հաջողությամբ ավարտել ուսումը Բաքվի զենիթահրետանային դպրոցում։
1943 թվականի մարտից Էդուարդ Այանյանը մեկնել է Հայրենական մեծ պատերազմի մարտադաշտեր։ Իր մարտական ուղին նա սկսել է Վոլգայից, որտեղ ղեկավարում էր 743-րդ հակաօդային հրետանային գնդի կրակային դասակը: Հետագայում նա մասնակցել է Կուրսկում, Խարկովում, այնուհետև Դնեպրում տեղի ունեցող մարտերին։
Այանյանը կռվել է ամենավտանգավոր և արյունալի մարտերում։ Նա հայտնվում էր առաջնագծում՝ փոխարինելով վիրավոր ծառայակիցներին, զբաղեցնելով նշանառուի, լիցքավորողի կամ հրամանատարի տեղը։
Ցուցաբերած արիության և խիզախության համար նա արժանացել է Կարմիր աստղի շքանշանի։
Էդուարդ Այանյանը հատկապես աչքի է ընկել Բուդապեշտի համար մղված մարտերում: Նրա մարտկոցը հետ է մղել հակառակորդի 27 հակագրոհ, ոչնչացրել 36 գնդացրային և 20 դիպուկահար կետ, կրակակետերով 40 տուն, զինվորներով և բեռներով 12 ավտոմեքենա, 2 զրահամեքենա անձնակազմով, 4 հրետանային մարտկոց, գերել 41 զինվոր և սպա, գրավել 88 մմ-անոց զենիթային թնդանոթ:
Բուդապեշտի համար մղված մարտում նա ստացել է 17 բեկորային վնասվածք, բայց չի լքել մարտադաշտը և շարունակել է ղեկավարել մարտկոցը և առաջինն իր զենքերով դուրս եկել Դանուբ գետ։
Այդ կատաղի մարտերում ցուցաբերած հերոսության, տոկունության և արիության համար Էդուարդ Այանյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում:
Պատերազմի ավարտից հետո նա ազատվել է պահեստազորից, ապրել և աշխատել է Մոսկվայում՝ իր կյանքը նվիրելով ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտում աշխատելուն:
Նրա թոռը հայտնի հրապարակախոս Էդուարդ Այանյանն է։
Էդուարդ Այանյանը մահացել է 1994 թվականի փետրվարի 26-ին և թաղված է Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։