Էդուարդ Սպերցյանը կարող է փոխարինել Ռոյսին «Բորուսիա»-ում

23 Մայիսի 2024, 09:50

Սպորտ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ: Այս մասին հաղորդում է Transfermarkt-ը:

Այս պահին դորտմունդցիները փոխարինող են փնտրում Մարկո Ռոյսի համար, ով այս ամռանը կհեռանա ակումբից: Ըստ աղբյուրի՝ մայիսի 18-ին 34-ամյա Ռոյսը վերջին խաղն է անցկացրել Բունդեսլիգայում

Աղբյուրը նշում է, որ գերմանացի ֆուտբոլիստին փոխարինելու թեկնածուներից մեկը 23-ամյա Էդուարդ Սպերցյանն է:

Նա «Կրասնոդար»-ի սան է։ Ընդհանուր առմամբ՝ Սպերցյանն անցկացրել է 107 հանդիպում, որոնցում դարձել է 33 գոլի և 25 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը Հարավային ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: