Էդուարդ Տեր-Ղազարյանը փոխեց արվեստի ընկալումը
20 Հունիսի 2025, 22:00
Այսօր՝ հունիսի 20-ին, աշխարհահռչակ միկրոքանդակագործ , ջութակահար Էդուարդ Տեր-Ղազարյանի ծննդյան օրն է՝ մարդու, ով աշխարհի համար բացահայտեց մանրադիտակային քանդակների արվեստը։ Նրա գործերը ոչ միայն ցնցում են երևակայությունը, այլև ցույց տալիս՝ որքան հեռու կարող են հասնել վարպետությունն ու մարդկային հնարամտությունը:
Տեր-Ղազարյանը ծնվել է Երևանում, արվեստում իր ուղին սկսել է երաժշտությամբ՝ դառնալով Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր ջութակահարը։ Սակայն նրա իրական կոչումը մանրադիտակային քանդակների աշխարհում էր:
Նրա ստեղծած մանրանկարներն արվեստի գործեր են, որոնք անհնար է տեսնել անզեն աչքով։ 1950 թ․ նրա աշխատանքները զարմացրեցին Եվրոպային, նրա մասին գրեց եվրոպական մամուլը, իսկ թերահավատները պատասխան ստացան՝ ձեռքով գրված մարդու մազի վրա։
Իր կարիերայի ընթացքում վարպետը ստեղծել է մոտ 600 եզակի մանրանկար, որոնցից շատերը նվիրել է համաշխարհային առաջնորդներին, այդ թվում՝ Եղիսաբեթ II-ին, Խրուշչովին, Ստալինին և Ռոքֆելլերին:
Նրա աշխատանքները ցուցադրվել են ամբողջ աշխարհում, իսկ ամերիկացի լրագրողները դրանք անվանել են «աշխարհի ութերորդ հրաշալիք»։ Նրա աշխատանքներից են Պագանինիի արձանիկն ասեղի անցքի մեջ, Վիկտոր Համբարձումյանի խճանկարային դիմանկարը և շարժվող միկրոքանդակներ, որոնք ոչ ոք չի կարողացել կրկնօրինակել:
Տեր-Ղազարյանը ոչ միայն մանրաքանդակագործ էր, այլև երաժշտության նորարար, տաղանդավոր ծաղրանկարիչ։ Նրա հայտնի քանդակը՝ Ստրադիվարիի միկրոջութակն ասեղի անցքի մեջ, պատրաստված է եղևնու փայտից, լաքապատ է, իսկ լարերը մարդու մազերից են, որոնք բաժանված են հարյուր մասի։ Այս գործիքը դարձել է նրա վարպետության և արվեստին նվիրվածության խորհրդանիշը։
Էդուարդ Տեր-Ղազարյանն ապացուցեց, որ արվեստը սահմաններ չի ճանաչում։ Նրա ստեղծագործությունները պարզապես մանրաքանդակներ չեն, այլ փիլիսոփայություն՝ մարմնավորված փոքրագույն դետալներում։ Դրանք հիշեցում են այն մասին, որ իսկական վարպետությունը ոչ թե ստեղծագործության չափի, այլ դրա խորության ու նշանակության մեջ է։
Այսօր՝ իր ծննդյան օրն, արժե հիշել մեծ վարպետին, ում արվեստը մնում է եզակի և անկրկնելի։
Էդուարդ Տեր-Ղազարյանը մահացել է 2012 թ․ ապրիլի 16-ին Երևանում։ Նրա ժառանգությունը շարունակում է ոգեշնչել և հիացնել ամբողջ աշխարհին։