Էդվարդ Ջերեջյան․ Դիվանագետ, ով մեծ ներդրում ունեցավ համաշխարհային քաղաքականության մեջ

06 Մարտի 2025, 23:26

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 6-ը ամերիկահայ դիվանագետ Էդվարդ Ջերեջյանի ծննդյան օրն է:

Էդվարդ Պիտեր Ջերեջյանը 1962-1994 թվականներին աշխատել է ԱՄՆ ութ նախագահների վարչակազմերում։

Ջերեջյանը ծնվել է Նյու Յորքում, 1960 թվականին ավարտել է Ջորջթաունի համալսարանը և ծառայել Կորեայում՝ ԱՄՆ բանակում։ Տիրապետում է մի քանի լեզուների, այդ թվում՝ արաբերեն, հայերեն, ֆրանսերեն և ռուսերեն:

Նա եղել է ԱՄՆ դեսպան Սիրիայում և Իսրայելում, ինչպես նաև զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ Պետդեպարտամենտում և Սպիտակ տանը։ 1962 թվականից աշխատել է դիվանագիտական ծառայությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Լիբանանում և Մարոկկոյում քաղաքական աշխատակցի, Բորդոյում գլխավոր հյուպատոսի և Հորդանանում առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնները։ 1985-1986 թվականներին եղել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի հատուկ օգնականը, իսկ 1986-1988 թվականներին՝ ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնականի տեղակալը, 1991 — 1993թթ-ին՝ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնականի պաշտոնը։

Ջերեջյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև ակադեմիական և կորպորատիվ ոլորտներում։ 2013-2015 թվականներին եղել է Occidental Petroleum Corporation-ի տնօրենների խորհրդի անկախ նախագահ։ 2008 թվականին հրատարակել է «ԱՄՆ դեսպանի ճանապարհորդությունը Մերձավոր Արևելքում» գիրքը:

Էդվարդ Ջերեջյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Նախագահի մրցանակի ակնառու աշխատանքի համար և Ռայսի շրջանավարտների ասոցիացիայի ոսկե մեդալի։ 2011 թվականին դարձել է ամերիկյան Արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ։

Էդվարդ Ջերեջյանն ամուսնացած է Ֆրանսուազ Անդրեե Լիլիան Մարի (Հեյլթերս) Ջերեջյանի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Գրիգոր Ջերեջյանը և Ֆրանչեսկա Նատալյա Ջերեջյանը, և երկու թոռ՝ Իզաբել Ջերեջյանը և Սեբաստիան Ջերեջյանը։